Խորհուրդների նախագահները հանդիպեցին լրագրողների հետ
Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության 2013 թ. մրցույթների արդյունքները» թեմայով մամուլի ասուլիս՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մասնակցությամբ:
Ասուլիսին հրավիրված էին գիտական թեմաների հայտերի գնահատման մասնագիտական փորձագիտական խորհուրդների նախագահները եւ ոլորտների պատասխանատուները:
Կոմիտեի նախագահը ներկայացրեց որոշակի տվյալներ գիտության բոլոր բնագավառներում 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին հայտարարված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթներից:
«Մրցույթների արդյունքում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար մինչև 2 տարի տևողությամբ 159 դրամաշնորհ է տրամադրվել 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի: Հայտերն ընդունվել են առցանց եղանակով՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին: Առաջին անգամ ծրագրերում ներգրավվել են արտասահմանյան փորձագետ-խորհրդատուներ, հայտի ղեկավարին հնարավորություն է տրվել նշել փորձաքննության գործընթացում անցանկալի 3 փորձագետների անուններ: Հարկ է նշել, որ այս տարի ավելացել են գիտական թեմաների մրցույթների ֆինանսավորման ծավալները՝ 2013 թվականին՝ 1 մլրդ 810 մլն 304 հազ.՝ 128 գիտական թեմատիկ ծրագիր, 2014-15 թվականներին՝ յուրաքանչյուր տարի 2 մլրդ 310 մլն՝ 159 ծրագիր:»:
Մրցույթներին մասնակցելու համար ներկայացվել էր ընդհանուր առմամբ՝ 472 հայտ, 358՝ բնական գիտություններ եւ 114՝ հասարակական գիտություններ եւ հայագիտություն բնագավառներից:
Ֆինանսավորման է երաշխավորվել 159 գիտական թեմա, որից 23-ը՝ բողոքարկման փուլի արդյունքում՝ բնական գիտություններ՝ 82 թեմա, ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա՝ 21 թեմա, բժշկական գիտություններ՝ 10 թեմա, գյուղատնտեսական գիտություններ՝ 11 թեմա, հասարակական գիտություններ՝ 10 թեմա, հայագիտություն եւ հումանիտար գիտություններ՝ 25 թեմա: Ֆինանսավորման երաշխավորված թեմաների մեծամասնությունը ներկայացվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների կողմից՝ 65 թեմա, Երեւանի պետական համալսարանից՝ 38 թեմա, Ճարտարագիտական համալսարանից 13 թեմա, Բժշկական համալսարանից 9 թեմա, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայից 10 թեմա եւ այլն:
Կոմիտեի նախագահն անդրադարձավ նաեւ 2013թ. ապրիլին հայտարարված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների աջակցությանն ուղղված ծրագրերի մրցույթին, որին մասնակցելու համար ներկայացվել էր 280 հայտ, հաղթող էր ճանաչվել 97-ը. բնական գիտություններ՝ 63 հոգի, ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա՝ 13 հոգի, բժշկական գիտություններ՝ 3 հոգի, գյուղատնտեսական գիտություններ՝ 3 հոգի, հասարակական գիտություններ՝ 1 հոգի, հայագիտություն եւ հումանիտար գիտություններ՝ 13 հոգի:
Հաղթող ճանաչված գիտնականները մեկ տարի ամսեկան կտրվածքով ստանալու են 135000 դրամ (ներառյալ հարկերը): Ծրագիրը լինելու է ամենամյա:
Պարոն Հարությունյանը նշեց, որ խորհուրդների կողմից այս տարի ամփոփվել են նաեւ 2011-2013թթ. գիտական թեմաների հաշվետվությունները: Ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվել է 1.580.283.700 դրամ, որի շրջանակներում իրականացվել է՝ 360-ից ավելի գիտական գործուղում, ձեռք են բերվել մոտ 206 մլն դրամի սարքեր եւ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ համակարգչային տեխնիկա: Նախորդ մրցույթի արդյունքում հրապարակվել է 1470 նյութ, այդ թվում՝ ամսագրերում տպագրված հոդվածներ 758, գիտաժողովի նյութեր՝ 642, տպագրման ներկայացված հոդվածներ՝ 58, մենագրություն՝ 1, քարտեզ 1 (մանրամասն տե՛ս):
Ասուլիսի ընթացքում լրատվամիջոցներին հնարավորություն ընձեռնվեց անցկացված աշխատանքների վերաբերյալ լսել անմիջական կարծիքներ գիտական թեմաների հայտերի գնահատման մասնագիտական փորձագիտական խորհուրդների ներկայացուցիչներից:
Հայ-Ռուսական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, բնական գիտությունների ոլորտը ներկայացնող Էդուարդ Ղազարյանի կարծիքով մրցույթն անցել է բարձր մակարդակով, սուբյեկտիվության գործոնը հասցված էր մինիմալի. «Շատ կարեւոր հանգամանք է, որ վերջին շրջանում ակտիվացել են փորձակոնստրուկտորական բնույթի գիտական ծրագրերը, տեսական բնույթի ծրագրերն այլեւս ճնշող մեծամասնություն չեն կազմում, ինչպես որ նախկինում էր:»:
Բժշկական գիտությունների ոլորտը ներկայացնող, Բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միքայել Աղաջանովը եւս շատ բարձր գնահատեց կոմիտեի կողմից կատարված աշխատանքը եւ նշեց, որ նմանատիպ միջոցառումները խթանում են Հայաստանում գիտության զարգացումը, մասամբ լուծելով այնպիսի խնդիրներ, ինչպիսին է գիտության ֆինանսավորումը:
Գյուղատնտեսական գիտությունների ոլորտի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ կառավարությունը չի սահմանափակվի միայն գիտական խմբերի համար նմանատիպ մրցույթներ կազմակերպելով եւ առաջիկայում գիտական կազմակերպություններին եւս հնարավորություն կըձեռնվի մասնակցել մրցույթների եւ լուծումներ գտնել պետության կողմից առավել կարեւոր համարվող խնդիրների համար:
Հասարակական գիտությունների ոլորտը ներկայացնող հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյանի խոսքերով ոլորտը կանոնակարգող դաշտը բավականին դրական փոփոխությունների է ենթարկվել: Պարոն Աղուզումցյանը կարեւորեց նաեւ աշխատանքներին արտասահմանյան փորձագետների ներգրավվածության հարցը:
Հայագիտության ոլորտից ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը շեշտեց, որ հայագիտության ոլորտում հաղթող ճանաչված 25 թեմաները լիովին ընդգրկում են հայագիտությունը ներկայացնող բոլոր ուղղությունները՝ լեզվաբանությունից մինչեւ պատմություն:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին