ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-իտալական գիտական կապերի զարգացմանը նվիրված գիտաժողով

29.01.2019

Հունվարի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ  գիտաժողով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ: Գիտաժողովը կազմակերվել էր Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի Հայաստան այցի շրջանակներում և նվիրված էր հայ-իտալական գիտական կապերի զարգացմանը:

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն:  

Ողջույնի խոսքում ՀՀ նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Իտալիան կկարողանան սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում: Նա նշել է, որ իտալական պատվիրակության այցի գաղափարը ծնվել էր ամիսներ առաջ, երբ ինքն այցելել էր Իտալիա ու հանդիպել Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի հետ: Արմեն Սարգսյանը վստահեցրեց, որ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանի, որ Հայաստանի և Իտալիայի գիտնականները համագործակցությունը խորանա:

 Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն իր ողջույնի խոսքում գոհունակություն հայտնեց հայ-իտալական գիտական կապերի ընդլայնման առնչությամբ: «Իտալիայում ոչ միայն մենք՝ ֆիզիկոսներս, այլև ուրիշ բնագավառների մարդիկ շատ լավ գիտեն հայ գիտնականների և ուսումնասիրողների խելքի ու բանականության առավելությունների մասին: Հենց այդ պատճառով մենք աշխատում ենք և մտադիր ենք ավելի ինտենսիվ գործակցել հայերի հետ, մեր զարգացման ռազմավարությունը պետք է միասնական լինի»,_նշեց նա:

Գիտաժողովին «Համաշխարհային  ռիսկերի քվանտային վարքագիծը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո  Ինգուշոն ներկայացրեց «Հեղափոխության իրականացումը քվանտային տեխնոլոգիաներում հանուն մարդկության և Մոլորակի» զեկուցումը: Ընդհանուր ներկայացվեց 9 զեկուցում ՀՀ ԳԱԱ-ի կառույցների, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, «Քենդլ» ինստիտուտի, Իտալիայի օպտիկայի  ազգային ինստիտուտի ներկայացուցիչների կողմից: