ԳՊԿ նախագահն ամփոփեց կոմիտեի 2014 թ. գործունեությունը
Հունվարի 14-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ս. Հարությունյանն ամփոփեց ԳՊԿ 2014 թվականի գործունեությունն ու անդրադարձավ հեռանկարային ծրագրերին:
Օրենսդրության բնագավառում 2014 թվականի ընթացքում կոմիտեի կողմից մշակվել է ՀՀ կառավարության 4 որոշման նախագիծ, որից երկուսն արդեն ընդունվել է: ՀՀ կառավարության ընդունած որոշումներից մեկի համաձայն՝ 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարների չափը սահմանվել է գիտությունների դոկտորների համար՝ 50 000, գիտությունների թեկնածուների համար՝ 25 000 ՀՀ դրամ: Մյուս որոշումով սահմանվել են գիտության և տեխնիկայի զարգացման 2015-2019 թվականների գերակայությունները (հայագիտություն, գիտություններ կյանքի մասին, արդյունավետ և անվտանգ էներգետիկա, հիմնական արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, տիեզերքի ուսումնասիրություն, Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար հետազոտություններ):
Մշակվել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հայեցակարգը, որն ուղղված է գիտության ոլորտի ֆինանսավորման ձևերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն, ֆինանսավորման ծավալների ավելացմանը, գիտական աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը:
2014 թ. ընթացքում Գիտության պետական կոմիտեի կողմից լրամշակվել է ՀՀ օրենքի երկու նախագիծ: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակով սահմանվելու են մի շարք հասկացություններ (հետազոտական համալսարան, ազգային գիտական լաբորատորիա, գիտական դրամաշնորհ), ֆինանսավորման ձևերը համապատասխանեցվելու են գիտության և տեխնիկայի զարգացման արդի չափանիշներին, ինչպես նաև՝ հստակեցվելու է լիազոր մարմնի իրավասությունների շրջանակը:
Ազգային ժողովում է «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը` երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ներդնել գիտական և գիտատեխնիկական ծրագրերի/թեմաների ընտրության ու հաշվետվությունների գնահատման ժամանակակից եղանակ, կնպաստի միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը և արդյունքում գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Տարվա ընթացքում կոմիտեում մշակվել է նաև «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը», որով նախատեսվում է իրականացնել գիտության ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներ: ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հայեցակարգի ընդունումից հետո:
Անդրադառնալով գիտական ծրագրերի մրցույթների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Ս. Հարությունյանը նշեց, որ հաշվետու տարում ամփոփվել են 2013 թ. վերջին հայտարարված մրցույթների արդյունքները. 17 ծրագիր ֆինանսավորվել է կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում (ընդունվել էր 35 հայտ), 8 ծրագիր՝ կոմիտեի և Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի (ընդունվել էր 14 հայտ): Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքում ստացված 99 հայտից ֆինանսավորվել է 28 ծրագիր:
Կոմիտեում կազմակերպվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում թվով 159 գիտական թեմաների տարեկան (ընթացիկ) հաշվետվությունների ծրագրերի փորձաքննությունը: Բոլոր թեմաները երաշխավորվել են հետագա ֆինանսավորման: Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով տրամադրվել է 1515690.5 հազ. դրամ:
Գիտության պետական կոմիտեն հայտարարել է գիտական ծրագրերի 5 մրցույթ: Կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթին մասնակցելու համար ստացվել է 91 հայտ: Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի համար ստացվել է 284 հայտ (հաղթող ճանաչված 100 գիտնականները մեկ տարի ստանալու են ամսական կտրվածքով 135000 դրամ): «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ «CYCLONE 18/18» ցիկլոտրոնի վրա իրականացվելիք գիտական թեմաների մրցույթի համար ստացվել է 11 հայտ:
Արդեն հրապարակվել են 2014 թ. կազմակերպված հետևյալ մրցույթների արդյունքները. գիտության ոլորտի ենթակառուցվածքների, գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման մրցույթի արդյունքում հաղթած 5 կազմակերպություններին տրամադրվել է 260700,0 հազ. դրամ, «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվելիք գիտական թեմաների մրցույթի արդյունքում 5 դրամաշնորհ է տրամադրվել 3-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին:
ԳՊԿ նախագահը նշեց, որ մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են բարեփոխումներ: Կատարելագործվել է մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգը. համակարգի միջոցով առցանց ընդունվում են կոմիտեի հայտարարած միջազգային և ներպետական մրցույթների հայտերն ու հաշվետվությունները, տեղադրվում են հայտերի ու հաշվետվությունների փորձաքննության արդյունքները: Համակարգում արդեն մոտ 1500 գիտաշխատողներ ունեն իրենց անձնական էջերը, որոնցում ֆիքսվում են կոմիտեի հայտարարած մրցույթներին նրանց մասնակցության ընթացքն ու արդյունքները: Նորություն է նաև գիտական փորձաքննության առցանց իրականացումը. այսուհետ կոմիտեի հայտարարած մրցույթների հայտերը գնահատող փորձագետները նույնպես աշխատելու են առցանց:
Տարվա կարևորագույն ձեռքբերումներից էր «CANDLE» նախագծի առաջին փուլի ավարտն ու «AREAL» գծային արագացուցչի գործարկումը: Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «AREAL» արագացուցչի բացման պաշտոնական արարողությունը: 2014 թ. հոկտեմբերին ավարտվել են բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիաների գծով փորձարարական կայաններով «DELTA» լաբորատորիայի ստեղծման աշխատանքները:
Ասուլիսի ընթացքում ԳՊԿ նախագահը ներկայացրեց նաև թվային տվյալներ պետական բյուջեում ընդգրկված գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի, երիտասարդ գիտնականների դպրոցների և գիտական միջոցառումների, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում իրականացված շուրջ 250 միջազգային գործուղումների, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերի, ինչպես նաև գիտական հրատարակումների և գիտության մասսայականացման աջակցության նպատակով տրամադրված ֆինանսավորման վերաբերյալ:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին