Հայ-բելառուսական գիտական համագործակցությունը շարունակվում է







Օգոստոսի 27-ին Գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստը նախագահում էին Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ, բելառուսական պատվիրակության ղեկավար Ա. Շումիլինը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը:
Նիստին մասնակցում էին Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի անդամներ, Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ի. Նազարուկը, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում նախ անդրադարձ կատարվեց հանձնաժողովի առաջին՝ 2013 թ. հոկտեմբերին կայացած նիստի ժամանակ ընդունված որոշումների իրականացման ընթացքին: Արձանագրվեց, որ արդյունքները գոհացուցիչ են, և պետք է շարունակել նախատեսված միջոցառումները:
Հայաստանյան և բելառուսական կողմերը տեղեկատվություն փոխանակեցին իրենց երկրներում գիտատեխնիկական և նորարարական ոլորտների զարգացման, ինչպես նաև ինովացիոն ծրագրերի առևտրայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: Որոշվեց համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով այսուհետ ևս ապահովել ինովացիոն, գիտատար և բարձր տեխնոլոգիական ծրագրերի ու մշակումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ԲՀ գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջև:
Հանձնաժողովը որոշեց հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցության համար գերակա համարել հետևյալ ուղղությունները. գյուղատնտեսական գիտություններ, կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիաներ, քիմիական գիտություններ, էներգախնայող տեխնոլոգիաներ, արագացուցչային ֆիզիկա, միջուկային բժշկություն:
Նիստում քննարկվեցին նաև «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջև 2010 թ. մարտին կնքված համաձայնագրի» շրջանակներում անցկացվելիք կիրառական հետազոտությունների նախագծերի մրցույթի անցկացման ժամկետն ու գերակայությունները: Հերթական մրցույթը կհայտարարվի 2016 թ.:
Հանձնաժողովն անդրադարձավ նաև նախորդ հանդիպման ժամանակ ստորագրված «Սևանա լճում Հայաստանի և Բելառուսի ազգային հարստություն հանդիսացող քաղցրահամ ջրամբարների էկոհամակարգերի ուսումնասիրման միջազգային գիտագործնական կենտրոն-բիոլոգիական կայան ստեղծելու մասին պայմանագրի» շրջանակներում իրականացված աշխատանքներին: Որոշվեց դիմել ՀՀ և ԲՀ գիտությունների ազգային ակադեմիաներին՝ կենտրոնի, որպես համատեղ ձեռնարկություն, գրանցման և իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու գործընթացը մինչև տարեվերջ ավարտին հասցնելու հարցով: Կենտրոնի ստեղծման հետ կապված մանրամասները և այլ հարցեր քննարկելու նպատակով օգոստոսի 28-ին հանձնաժողովը հանդիպում կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:
Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի անդամներն այցելեցին նաև «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ՝ «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին և ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Հանձնաժողովի երրորդ հանդիպումը որոշվեց անցկացնել 2017 թ. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին