ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Չինաստանում հանդիպել են «Մետաքսի ուղու» երկրների ներկայացուցիչները

11.07.2016

Հուլիսի 2-ից 7-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Յանտայ քաղաքում տեղի ունեցած Բարձր և նոր տեխնոլոգիաների գոտիների «Մետաքսի ուղի» ասոցիացիայի հիմնադիր նիստին:

Ասոցիացիան նպատակ ունի հաստատել փոխշահավետ համագործակցություն «Մետաքսի ուղու» երկրների գիտատեխնիկական և տեխնոլոգիական կազմակերպությունների միջև, ինչպես նաև` նպաստել ասոցիացիայի անդամ երկրների կազմակերպությունների երկկողմ և բազմակողմ փոխգործակցության զարգացմանը և գիտատեխնոլոգիական ինստիտուտների ինովացիոն ծառայությունների մակարդակի բարձրացմանը: Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է ասոցիացիայի հիմնադրման պակտ:

Պակտը ստորագրել են Չինաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի Վրաստանի և Հայաստանի գիտական, գիտակրթական, գիտատեխնոլոգիական, տեխնոլոգիական և ինովացիոն կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության կողմից ասոցիացիայի հիմնադիր է հանդիսանում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:

Տեղի են ունեցել նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ երկկողմ քննարկումներ Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Յանտայի Բարձր և նոր տեխնոլոգիաների պետական գոտու տնօրեն Չժան Չժենչժունի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ Հայաստանում տեխնոլոգիաների տրանսֆերի հայ-չինական համատեղ կենտրոնի ստեղծման, ինչպես նաև Յանտայի Բարձր և նոր տեխնոլոգիաների պետական գոտում հայաստանյան կազմակերպություններին անվճար հարթակ տրամադրելու վերաբերյալ: Նախատեսվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծառայությունների և գիտատեխնիկական արդյունքների (այդ թվում՝ նաև գաղափարների) ուսումնասիրություն:

Նիստի ընթացքում ձևավորվել է ասոցիացիայի կոմիտե (յուրաքանչյուր երկրից մեկ մասնակից սկզբունքով)` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է ընտրվել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Տեղի են ունեցել հանդիպումներ նաև Յանտայ քաղաքի քաղաքապետի և փոխքաղաքապետի, Շանդոն նահանգի կառավարության գիտության և տեխնալոգիաների փոխնախարարի հետ: Չինական կողմn իր հետաքրքրությունն է ներկայացրել Հայաստանի որևէ քաղաքի հետ Յանտայի բարեկամական կապեր հաստատելու և համապատասախան պայմանագիր կնքելու ուղղությամբ:

Վերոնշյալ նիստի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ելույթ է ունեցել ողջույնի խոսքով և Հայաստանի հետազոտությունների և մշակումների վերաբերյալ զեկույցով:

Գիտության պետական կոմիտե