Հանդիպում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ա. Սիսակյանի հետ
Այսօր գիտության պետական կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել ՌԴ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանի հետ:
Ողջունելով հյուրին, պարոն Հարությունյանը խոսեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ ունեցած համագործակցության կարեւորության մասին՝ նշելով, որ այսօր Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համաշխարհային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է, որում հիմնարար հետազոտությունները հաջողությամբ համադրվում են նորագույն տեխնոլոգիաների մշակման, ներդրման եւ համալսարանական կրթության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Երեւանում նոր ինովացիոն կենտրոն ստեղծելու հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հնարավորինս կարճ ժամկետներում պարոն Սիսակյանը կոմիտեին կտրամադրի կենտրոնի ստեղծման հիմնադրույթները, որից անմիջապես հետո կսկսվեն այդ ուղղությամբ կոնկրետ քաղաքականության մշակման աշխատանքները:
Քննարկվեցին նաեւ Դուբնայում Հայաստանցի գիտաշխատողների կարգավիճակի հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի Հայաստանից Դուբնա գործուղված գիտաշխատողներին հնարավորություն տրվի, ինստիտուտի սարքավորումներն օգտագործելով, աշխատել Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող նպատակային ծրագրերի վրա:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին