Ամփոփվեցին 2011 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները
Հուլիսի 18-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց 2011 թվականի առաջին կիսամյակում կոմիտեի գործողությունների հիմնական ուղղությունները:
Կոմիտեի նախագահը կարեւորեց գիտության ոլորտին առնչվող ՀՀ կառավարության 2 որոշումների ընդունումը: ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի N 23 արձանագրային որոշմամբ հաստատված գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի նպատակը ՀՀ գիտության ոլորտի հետագա զարգացման ապահովումն է՝ ՀՀ կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների եւ սփյուռքի ջանքերի զուգակցմամբ: Մյուս կարեւոր որոշումը «Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին եւ ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 18-ի N 10 արձանագրային որոշումն է, որի նպատակն է` ապահովել հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացումն ու համապատասխանեցումը հասարակության եւ տնտեսության արդի պահանջներին, բարձրացնել միջազգային գիտական տարածքի հետ բնագավառի ինտեգրվածության մակարդակը:
Պարոն Հարությունյանը հատուկ անդրադարձավ 2011 թվականին կոմիտեի կողմից ամփոփված եւ անցկացված գիտության ոլորտի մրցութային ծրագրերին: Այսպիսով՝ 2011 թվականի 1-ին կիսամյակում ամփոփվել են 2010 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության եւ նոյեմբերի 23-ին հայտարարված «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» մրցույթների արդյունքները: Առաջին մրցույթի արդյունքում ֆինանսավորվել են 130 գիտական ծրագրեր, իսկ երկրորդի դեպքում՝ 32 գիտական ծրագրեր:
Բացի նշված մրցույթները կոմիտեի կողմից 2011 թվականին հայտարարվել եւ անկացվել են՝
- «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2011» մրցույթը. ֆինանսավորման երաշխավորվեց 5 գիտական ծրագիր,
- Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ համատեղ գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության համատեղ մրցույթը. ֆինանսավորվեցին 17 գիտական ծրագրեր,
- Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության ծրագրի բաց մրցույթը. արդյունքները դեռեւս ամփոփված չեն,
- կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների նախագծերի հայտերի ընդունումը: Ներկայացված 43 հայտերից 17-ը երաշխավորվել են ֆինանսավորման:
Ընդհանուր առմամբ՝ 2011 թվականին կոմիտեի կողմից կազմակերպված գիտական ծրագրերի մրցույթների արդյունքներով ֆինանսավորման են երաշխավորվել շուրջ 201 գիտական ծրագրեր:
Պարոն Հարությունյանը կարեւորեց նաեւ «ՔԵՆԴԼ» նախագծի շրջանակներում 2011 թվականի մայիսի 11-ին ՀՀ-ում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ՀՀ եւ Իտալիայի ELETTRA սինքրոտրնային կենտրոնի ներկայացուցիչների միջեւ: Կոմիտեի նախագահը ներկայացրեց Հայաստանում լույսի աղբյուրի հենքի վրա միջազգային կենտրոնի ստեղծման գիտատեխնիկական տեսանկյունները եւ միջազգային գիտական հանրության համար դրա հեռանկարների իրականացման վերաբերյալ քննարկման արդյունքները: Այնուհետեւ՝ ներկայացվեց «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման առաջին փուլի` Գերմանիայի DESY կենտրոնի կողմից անհատույց տրված սարքավորումների հիման վրա AREAL լազերային բարձր հաճախակնային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման ընթացքը:
Կոմիտեի նախագահը հայտնեց, որ 2011թ հունիսի 22-ին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ ներկայացվել է «ՔԵՆԴԼ» նախագծի իրագործման 2011 թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը, ինչպես նաեւ անդրադարձավ «ՔԵՆԴԼ» նախագծի աջակցման նպատակով միջկառավարական փոխըմբռնման հուշագրեր ստորագրելու եւ Հայաստանում ՔԵՆԴԼ նախագծի դոնոր-համագումար անցկացնելուն նախապատրաստվելու համար ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի ղեկավարած պատվիրակության Գերմանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա նախատեսվող այցելություններին:
Կոմիտեի նախագահը հատուկ շեշտեց կոմիտեի կողմից գիտական կազմակերպություններում առաջին անգամ իրականացված մոնիթորինգի արդյունքներին:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2011 թվականի ապրիլի 18-ի N 11-Ա/Ք հրամանով կոմիտեն մոնիթորինգ է սկսել պետական բյուջեից բազային ֆինանսավորում ստացող գիտական կազմակերպություններում՝ նպատակ ունենալով վեր հանել համակարգում առկա բացթողումները, բացահայտել խախտումները եւ առավել արդյունավետ եւ հստակ կազմակերպել հետագա գործընթացները:
Ապրիլ-հունիս ամիսներին Կոմիտեն մոնիթորինգ է անցկացրել 3 գիտական կազմակերպությունում՝ բյուջեից ֆինանսավորվող 6 ծրագրի մասով՝ 4 ծրագիր ԵՊՀ-ում, 1 ծրագիր՝ ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնում (ԲԿՄՀՈՒԿ), եւ 1 ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ «Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում:
Մոնիթորինգն իրականացրել է 4 անձից բաղկացած հանձնախումբը, որի կազմում ընդգրկված էին 2-ական ներկայացուցիչ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեից եւ ծրագրի իրականացման կազմակերպությունից դուրս աշխատող գիտաշխատողներից:
Մոնիթորինգի ընթացքում ստուգվել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր ֆինանսավորումները, ֆինանսական միջոցների ծախսերն՝ ըստ տնտեսագիտական տարաբաժանումների (աշխատավարձ, տնտեսական եւ այլ ծախսեր), դրանց իրականացման նպատակահարմարությունն ու համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ուսումնասիրվել են բոլոր ծրագրերի գծով իրականացվող աշխատանքային պրոցեսները, ոչ ֆինանսական ցուցանիշները, այդ թվում՝ գիտական աշխատանքների եւ արդյունքների մասին տեղեկություններ ստանալու նպատակով հանդիպումներ են եղել ծրագրերում ներգրավված աշխատակիցների հետ:
Բոլոր երեք կազմակերպություններում էլ արձանագրվել են մի շարք ընդհանուր բնույթի իրավական խնդիրներ եւ թերացումներ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին