ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանդիպում Շիրակի մարզում

19.06.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հունիսի 18-ին այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղ, որտեղ կազմակերպվել էր հանդիպում Շիրակի մարզի գիտական կազմակերպությունների ղեկավարների և գիտաշխատողների հետ:

Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր - 2015» մրցույթի մանրամասները և  ցուցաբերել մեթոդական աջակցություն:

Հանդիպման սկզբում պարոն Հարությունյանը համառոտ խոսեց վերջին տարվա ընթացքում կոմիտեի կողմից կատարված հիմնական աշխատանքների մասին: Կոմիտեի նախագահը հատուկ անդրադարձավ միջազգային կապերի ընդլայնմանը,- «ՀՀ-ում այսօր իրականացվում են շուրջ 100 միջազգային համատեղ գիտական ծրագրեր: Գիտության ոլորտում համագործակցում ենք 8 պետությունների հետ` Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա և այլն:»:

Պարոն Հարությունյանը խոսեց նաև Եվրասիական տնտեսական տարածք ինտեգրվելու ուղղությամբ Ռուսաստանի և Բելառուսի հետ իրականացվող ծրագրերի մասին: Հայտնեց, որ շուտով Աստանայում կստորագրվի նոր համաձայնագիր Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի վերաբերյալ, որում Հայաստանն ունի մեծ դերակատարում` որպես տարածաշրջանային լուրջ ծրագրեր իրականացնող երկիր:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում մեկնարկած գիտական ծրագրերի ռեգիոնալ ֆինանսավորմանը, ապա կոմիտեի նախագահը նշեց, որ նմանատիպ մրցույթ արդեն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում, արդյունքները բավականին գոհացուցիչ են:

Շիրակի մարզի գիտական կազմակերպությունների համար անցկացվող մրցույթը, որը հայտարարվել է հունիսի 5-ին, առաջին հերթին ուղղված է տարածաշրջանում նոր կադրերի պատրաստմանը և նոր ենթակառուցվածների հիմնմանը: Պարոն Հարությունյանը խոստացավ, որ եթե ծրագիրը հաջողվի, հետագայում այն կընդլայնվի` ընդգրկելով թե' ֆինանսական, թե' մարդկային նոր ռեսուրսներ:

Մրցույթին վերաբերող այլ մանրամասներ ներկայացրեց կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լ. Մարդոյանը:

Պարոն Մարդոյանը նշեց, որ Գիտության պետական կոմիտեն ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում մրցույթ է հայտարարել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար:  Դրամաշնորհները տրամադրվելու են 12 կամ 24 ամիս տևողությամբ 2-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաների ֆինանսավորման նպատակով:

Պարոն Մարդոյանը հորդորեց առավել ուշադիր լինել ծրագրի նախագծի ներկայացման տեխնիկական կողմին և ժամկետներին:

Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց ծրագրի կազմման, խմբի անդամներին ներկայացվող պահանջների, հայտի լրացման և ներկայացման, հայտի գիտական փորձաքննության` այդ թվում թե' անկախ փորձագետների և թե' մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից խմբին տրվող գնահատման մանրամասներին:

Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվեց լինել ավելի ակտիվ, անպայման մասնակցել ոչ միայն ռեգիոնալ, այլև` ներհանրապետական և միջազգային այլ մրցույթների, ինչպես նաև ակտիվ երկխոսության մեջ լինել կոմիտեի ներկայացուցիչների հետ` մշտապես հանդես գալ նոր առաջարկներով և դիտարկումներով:

Կոմիտեի նախագահը և աշխատակազմի ղեկավարը այցելեցին նաև ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում հիմնված 2 նոր լաբորատորիաներ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին