ԳՊԿ նախագահն ամփոփեց 2012 թվականի գործունեությունը
Հունվարի 11-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանի մամլո ասուլիսը՝ «Գիտության պետական կոմիտեի 2012 թվականի գործունեության ամփոփումը» թեմայով:
Ս. Հարությունյանը նախ անդրադարձավ 2012 թ. ընթացքում կոմիտեի կողմից մշակված իրավական ակտերին (2 օրենքի նախագիծ եւ ՀՀ կառավարության 11 որոշում)` մանրամասն ներկայացնելով դրանցից կարեւորագույնները: «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով սահմանվել են գիտական կամ գիտատեխնիկական ծրագիր եւ նախագիծ, հետազոտական համալսարան, ազգային գիտական լաբորատորիա, գիտական դրամաշնորհ եւ այլ նոր հասկացություններ, ֆինանսավորման ձեւերը համապատասխանեցվել են արդի չափանիշներին, ինչպես նաեւ հստակեցվել է լիազոր մարմնի իրավասությունների շրջանակը: Մշակվել է նաեւ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա ներդնել գիտական եւ գիտատեխնիկական ծրագրերի ու թեմաների ընտրության, ինչպես նաեւ հաշվետվությունների գնահատման ժամանակակից եղանակ, կնպաստի գիտության եւ տեխնիկայի միջազգային մակարդակին համապատասխան զարգացմանը, նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը եւ, վերջնական արդյունքում, գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
Հաշվետու տարում կոմիտեի մշակած 11 որոշումներից 7-ն ընդունվել է. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայագիտության զարգացման հայեցակարգին, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին: Ընդունվել է «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ հիմնադրելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին քիմիայի զարգացման 2012-2013 թվականների միջոցառումների ծրագրին եւ դրա իրականացման ժամանակացույցին: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ներմուծման փոխարինմանն ու արտահանմանն ուղղված արտադրություններ, նոր աշխատատեղեր, կմշակվեն նոր տեխնոլոգիաներ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվել են ՀՀ-ում գիտական կենտրոնների ձեւավորման նոր սկզբունքները, չափանիշները եւ կարգը: «Քենդլ» սինխրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ «Քենդլի» գործունեությունը համակարգելու համար լիազոր մարմին է նշանակվել ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն, ինչպես նաեւ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը: Հիմնադրամն իրականացնելու է գիտական եւ գիտատեխնոլոգիական ու կրթական գործունեության հետ ուղղակիորեն կապված արտադրական ծառայությունների մատուցում եւ սպասարկում՝ հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրություն, համակարգչային-տեղեկատվական ծառայություններ, լրատվական եւ հրատարակչական գործունեություն, ձեռնարկատիրական գործունեություն:
Հաշվետու տարում մշակվել է Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը, որը հնարավորություն կտա ներդնել գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակներ, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը: Մշակվել ու առայժմ քննարկումների փուլում է նաեւ «Հասարակական գիտությունների հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա տարբերակել բնագավառի ֆինանսավորման աղբյուրները, կնպաստի գիտական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ժամանակակից մեխանիզմների կիրառմանը, թույլ կտա ներդնել գիտական ծրագրերի եւ թեմաների ընտրության ճկուն մեխանիզմներ, կնպաստի միջազգային գիտական տարածք ինտեգրման մակարդակի բարձրացմանը:
2012-ին ամփոփված մրցույթների արդյունքների կապակցությամբ Ս. Հարությունյանը նշեց, որ 6 ծրագիր ֆինանսավորվել է հայ-ֆրանսիական գիտական համագործակցության շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքում, 4 ծրագիր՝ Ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ համաֆինանսավորման սկզբունքով անցկացվող գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում:
Նախորդ տարվա ընթացքում կոմիտեն հայտարարել եւ անցկացրել է գիտական ծրագրերի ֆինանսավորման 3 մրցույթ, որից 2-ը՝ միջազգային՝ Հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ – 2013» մրցույթը, ՀՀ ԿԳՆ եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության միջեւ կնքված մտադրությունների հուշագրի շրջանակներում անցկացվող գիտական ծրագրերի մրցույթը եւ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթը:
2012 թ. ընթացքում Գիտության պետական կոմիտեում ամփոփվել են Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների փորձաքննության արդյունքները եւ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2010» մրցույթի թեմաների տարեկան հաշվետվությունները: Այս ուղղությամբ պետական միջոցներով իրականացվել է մոտ 200 գիտական գործուղում, ձեռք են բերվել 100 մլն դրամից ավելի սարքեր եւ սարքավորումներ:
Ամփոփվել է նաեւ IRMAS հայ-ֆրանսիական լաբորատորիայի 2-ամյա գործունեությունը: Անցած 2 տարիների ընթացքում բարձր վարկանիշ ունեցող գրախոսվող ամսագրերում եւ ժողովածուներում տպագրվել են 45 աշխատանք, միջազգային գիտաժողովների 40 թեզիսներ: Նոր մակարդակի վրա է դրվել գիտական կադրերի պատրաստման խնդիրը. համատեղ ասպիրանտուրայի ծրագրում ներգրավված են 6 ասպիրանտ, որոնցից երկուսն արդեն պաշտպանել են իրենց ատենախոսությունները Հայաստանում եւ ստացել են թե՛ հայկական, եւ թե՛ ֆրանսիական գիտական աստիճանի դիպլոմ: Իրականացվել է 35 փոխադարձ այցելություն՝ համատեղ գիտական աշխատանքի, ասպիրանտների պատրաստման, Հայաստանում եւ Ֆրանսիայում միջազգային գիտաժողովների մասնակցության համար:
ԳՊԿ նախագահը նշեց, որ կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտը եւ «Գոլոս Արմենիի» օրաթերթը սկսել են հրապարակել թերթին կից նոր գիտահանրամատչելի ներդիր՝ «Մոստ», որը ընթերցողին կծանոթացնի Հայաստանում եւ արտասահմանում գիտության, տեխնիկայի եւ բժշկության ձեռքբերումներին:
Կոմիտեի միջոցով 2012-ի ընթացքում ֆինանսավորվել են 19 գիտական միջոցառումներ, 3 ամառային դպրոցներ, միջազգային գործուղման են մեկնել ավելի քան 50 գիտնականներ:
Կոմիտեի ջանքերով Հայաստանի գիտական հանրության համար, բացի Springer-ից, 2012 թվականին հասանելի դարձան նաեւ Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսներ:
Սամվել Հարությունյանը հայտնեց, որ 2012 թվականը նպաստավոր է եղել նաեւ միջազգային համագործակցության առումով: Տարվա ընթացքում կնքված միջազգային համաձայնագրերն ու հուշագրերը հնարավորություն են տալիս համագործակցել Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի, Thomson Reuters ընկերության, Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի, ՉԺՀ կրթության եւ տեխնոլոգիաների նախարարության հետ: Կնքվել է նաեւ համաձայնագիր՝ «Գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին»: Ընդհանուր առմամբ անցած 5 տարիների ընթացքում կոմիտեի ջանքերով կնքվել է շուրջ 30 միջազգային պայմանագիր եւ համաձայնագիր:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին