Սկսվել է գիտական կազմակերպությունների անձնագրավորման նոր փուլ
Փետրվարի 18-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ սեմինար՝ «ՀՀ գիտական կազմակերպության անձնագիր» թեմայով:
Սեմինարի նպատակն էր գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ՀՀ գիտական կազմակերպության անձնագրի լրամշակված տարբերակին:
Կազմակերպությունների անձնագրավորումն իրականացվում է կոմիտեի կողմից եւ նպատակ ունի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների մանրամասն ուսումնասիրության արդյունքների հիման վրա հնարավորինս ճշգրիտ գնահատել Հայաստանի գիտական ներուժը եւ առկա ենթակառուցվածքը:
Կոմիտեի կողմից առաջին անգամ գիտական կազմակերպությունների անձնագրավորում իրականացվել է 2008 թվականին: Ինչպես նշեց կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, անձնագրավորման նախորդ փորձը ցույց էր տվել, որ անձնագրերը կազմելու նպատակով կազմակերպություններին տրամադրված հարցաթերթիկները լրացվել են որոշակի բացթողումներով: Նա կարեւորեց տվյալների լրացման ճշգրտությունը՝ նշելով, որ ըստ դրանց որոշվելու է նաեւ կազմակերպությունների վարկանիշի խնդիրը:
Կոմիտեի մասնագետները մանրամասնորեն ներկայացրին գիտական կազմակերպության անձնագրի լրացման ձեւերը, պատասխանեցին ներկաների հարցերին:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին