Վասիլի Ցականովը պարգևատրվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալով
Սեպտեմբերի 2-ին լրանում է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովի ծննդյան 60-ամյակը:
Գիտության կոմիտեի աշխատակազմը, ի դեմս կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, շնորհավորում է պարոն Ցականովին, մաղթում առողջություն, բարեկեցություն, ուժ ու եռանդ` նոր գաղափարների և ծրագրերի իրականացման գործում:
Գիտության կոմիտեն բարձր է գնահատում Վ. Ցականովի ավանդը «Քենդլ» ինստիտուտի ստեղծման ու կայացման գործում: Նրա ջանքերի շնորհիվ ինստիտուտը դարձել է ոչ միայն հանրապետության, այլև տարածաշրջանի ամենահեռանկարային ու բարձր վարկանիշ ունեցող գիտական կազմակերպություններից մեկը, որը բազմաթիվ կապեր ունի արտերկրի հեղինակավոր գիտական կենտրոնների հետ և որտեղ իրենց գիտական մկրտությունն են ստանում բազմաթիվ շնորհալի երիտասարդ գիտնականներ:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. սեպտեմբերի 2-ի N 31-Ա/Ք հրամանով Վասիլի Ցականովին շնորհվել է Գիտության կոմիտեի Ոսկե մեդալ` արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների ու ակնառու նվաճումների, միջազգային համագործակցության զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար: