ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ընդունվել են կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրերի հաշվետվությունները

01.03.2013

Ս.թ. փետրվարի 27-ին  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կայացավ ՀՀ ԿԳ նախարարի 2010 թ. նոյեմբերի 29-ի N 1650–Ա/Ք հրամանով հաստատված մասնագիտական փորձագիտական խորհուրդների  նախագահների  խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեց գիտական եւ գիտատեխնիկական գործունեության հիմնարար եւ կարեւորագույն կիրառական նշանակություն ունեցող հետազոտությունների ծրագրի շրջանակներում 2011 թ. հուլիսին Ֆինանսավորման երաշխավորված նախագծերի իրականացման արդյունքը, եւ ընդունվեցին ծրագրերի ամփոփ հաշվետվությունները:

 

Խորհրդակցությունը վարեց ԳՊԿ  նախագահ  Սամվել  Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների 17 նախագծերի իրականացման  նպատակով  կնքվել են համապատասխան պայմանագրեր՝ 344 194 մլն դրամ ընդհանուր արժեքով, որից 51 629,1 մլն դրամը ֆինանսավորվել  է ոչ բյուջետային աղբյուրներից. առաջին անգամ  գիտական ծրագրերի իրականացման  գործընթացում ներգրավվել է  տնտեսության մասնավոր հատվածը եւ համաֆինանսավորել  կիրառական  բնույթի  հետազոտական  նախագծեր: Ծրագրերն իրականացվել են  2011 թ.  երկրորդ կիսամյակում եւ  2012 թվականին, սահմանված ժամկետում ներկայացվել  են  ամփոփ հաշվետվություններ:

 

Ներկայացնելով  իրականացված ծրագրերի  արդյունքները՝ ԳՊԿ  նախագահ  Սամվել  Հարությունյանը նշեց, որ  ՀՀ վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի որոշման համաձայն՝  անհրաժեշտ է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրերի իրականացման հակիրճ արդյունքները ներկայացնել շահագրգիռ նախարարություններ՝ պետական պատվեր ստանալու ակնկալիքով: Վերոհիշյալ արդյունքները  կներկայացվեն նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

 

Ս. Հարությունյանը նշեց նաեւ, որ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում  2013 թվականին, նույնպես համաֆինանսավորման սկզբունքով,  կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված  նախագծերի մրցույթի անցկացման  ուղղությամբ: