ESMT Berlin-ում ՀՀ պատվիրակությունը քննարկել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել են Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել են Հայաստանում EMBA՝ Բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունները:
Պատվիրակության կազմում էր նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներ և ձեռներեցներ Հայաստանից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանում միջազգային խոշոր կրթական ծրագրերի զարգացումը և ընդլայնումը, որոնք նաև հաշվի կառնեն մասնավոր հատվածի կարիքներն ու պահանջարկը: Նախարարի ընդգծմամբ՝ ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարությանը, որի շրջանակում իրականացվում է «Ակադեմիական քաղաք» նախագիծը, նախադրյալներ է ապահովում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նմանօրինակ ծրագրերի ներդրման համար: Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոն պատրաստակամություն է հայտնել դիտարկելու համագործակցության հնարավորությունն Ակադեմիական քաղաքի ծրագրի շրջանակում:
Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցը Եվրոպայի ամենահեղինակավոր բիզնես դպրոցներից է մեկն է: Այն նաև Գերմանիայի չորս բիզնես դպրոցներից է, որոնք ունեն եռակի հավատարմագրում EQUIS-ի, AACSB-ի և AMBA-ի կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական կրթական ծրագրի նկարագրերի ստեղծմանը և դասախոսների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
Հաջորդաբար «Մշակույթի նախարարների համաժողովի» գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկի հետ հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացվող այլ ծրագրերը: Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում 20 տարուց ավելի իրականացվում են Արտասահմանում գերմանական դպրոցների (ZFA), Մանկավարժական փոխանակման (PAD) և Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ծրագրերը, ինչպես նաև Երևանում գործում է Գյոթե ինստիտուտի (Goethe Institut) գերմաներենի ուսուցման կենտրոնը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ավարտական փաստաթղթերի ճանաչմանը, Հայաստանի և Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունների զարգացմանը, մասնագիտական վերապատրաստումների իրականացման և այլ հարցերի: