Կիրականացվեն հայ-իտալական համատեղ գիտական ծրագրեր
Հունվարի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակը 2018 թ. հուլիսի 31-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համագործակցության ծրագրի ստորագրումն էր:
Սամվել Հարությունյանը հյուրերին ներկայացրեց Գիտության կոմիտեի գործառույթները, միջազգային գիտական համագործակցության ուղղությամբ կատարած հիմնական աշխատանքները, կնքված պայմանագրերն ու հուշագրերը, հայ և արտերկրի գիտնականների կողմից համատեղ իրականացվող և բարձր արդյունքներ գրանցած հիմնական ծրագրերը:
Նա նշեց, որ հայ և իտալացի գիտնականներն արդեն ունեն համագործակցության փորձ. կան ստորագրված պայմանագրեր Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հետ, գործում են անհատական և միջինստիտուցիոնալ ծրագրեր:
Ինչ վերաբերում է համագործակցության համար գերակա ուղղություններին ` Ս. Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում զարգացած են գիտության մի շարք բնագավառներ, այդ թվում՝ տեսական ֆիզիկա, աստղագիտություն, աստղաֆիզիկա, հնագիտություն, սննդի անվտանգություն, որոնց ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով առաջարկեց կազմակերպել այցելություններ գիտական կազմակերպություններ:
Պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն ներկայացրեց իր ղեկավարած խորհրդի գործունեությունը և նշեց հայ և իտալացի գիտնականների համագործակցության` խորհրդի տեսանկյունից գերադասելի ուղղությունները` հնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն և այլն:
Այսօր ստորագրված ծրագրով Կողմերը պարտավորվեցին նպաստել հայ և իտալացի հետազոտողների և հետազոտական կենտրոնների միջև համագործակցության զարգացմանը` համատեղ հետազոտական ծրագրերին աջակցություն տրամադրելու ձևով: Այդ ծրագրերի ֆինանսավորման համար երկու տարին մեկ պարբերականությամբ կհայտարարվի մրցույթ, յուրաքանչյուր մրցույթի արդյունքում կողմերը կաջակցեն մինչև երկու տարի տևողությամբ մինչև 5 հետազոտական ծրագրերի իրականացմանը, որոնք կընդգրկեն գիտնականներ յուրաքանչյուր երկրից:
Առաջին մրցույթը կհայտարարվի արդեն 2019 թ. գարնանը:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե