ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

IncoNet-ի փորձագետները Հայաստանում են

16.03.2015

Մարտի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում  տեղի ունեցավ հանդիպում FP7 շրջանակային ծրագրի «Արևելյան գործընկերության երկրների գիտության, տեխնոլոգիաների և ինովացիաների ոլորտում միջազգային համագործակցության ցանց» նախագծի (IncoNet East Partnership Project) շրջանակներում ձևավորված միջազգային փորձագիտական խմբի հետ: Գերմանիայի, Ավստրիայի, Լեհաստանի և այլ երկրների մասնագետներից կազմված փորձագիտական խումբը ժամանել է Հայաստան` հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտի ընդհանուր փորձագիտական գնահատման նպատակով:

Հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում գիտության կառավարման սկզբունքները, ԳՊԿ գործունեության հիմնական ուղղությունները, գիտության ֆինանսավորման մեխանիզմները և այլն: Այնուհետև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում` փորձագետների, Կոմիտեի նախագահի ու պատասխանատուների մասնակցությամբ:

Միջազգային փորձագիտական խումբը Հայաստանում է լինելու մինչև մարտի 20-ը և հանդիպելու է ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության,  համապատասխան նախարարությունների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչների հետ: