ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Եվրոպական գիտական տարածքին ինտեգրումը՝ գերակա խնդիր

08.09.2015

Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը Բելգիայիում մասնակցել է IncoNet EaP նախագծի կողմից կազմակերպված «ԵՄ - Արևելյան գործընկերության (EaP) գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների համագործակցության արդի իրավիճակը և ապագան» գիտագործնական հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հորիզոն-2020» և «ԵՄ–Արևելյան գործընկերություն» համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իր ելույթում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի  միջև ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը քննարկվել է ՀՀ Նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Արտաքին գործերի, Կրթության և գիտության նախարարություններում և արժանացել է հավանության:

Պարոն Հարությունյանը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության ինտեգրումը Եվրոպական գիտական տարածք գիտական քաղաքականության գերակա խնդիրներից է: Նա անդրադարձել է գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում եվրոպական տարբեր երկրների հետ ՀՀ ունեցած բազմաթիվ կապերին, որոնց շրջանակներում արդեն իսկ իրականացվել են շուրջ 50 գիտական նախագծեր:

 IncoNet EaP նախագծի վերաբերյալ հաջորդ հանդիպումը որոշվել է անցկացնել 2015 թվականի հոկտեմբերի 1-ից 2-ը Կիևում (Ուկրաինա), «GRANT-2015» միջազգային գիտաժողովի շրջանակներում: