Հայ-գերմանական գիտական համագործակցության նոր փուլ
Օգոստոսի 24-ին Գերմանիայի Բոնն քաղաքում կնքվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման մասին մտադրությունների հուշագիր:
Հուշագիրն ստորագրել են ՀՀ կողմից՝ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, ԳԴՀ կողմից՝ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության ՌԴ եւ ԱՊՀ համագործակցության բաժնի տնօրեն Միխայիլ Շլիխտը: Փաստաթուղթը նպատակ ունի արդյունավետ եւ դինամիկ կապեր հաստատել երկու կողմերի գիտական եւ նորարարական կազմակերպությունների միջեւ, ինչը նախատեսված էր եւ նախկինում (1992 թ. Հայաստանի Հանրապետության կողմից վերահաստատվել է «Գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին» 1986 թ. ԳԴՀ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը):
Հուշագրով նախատեսվում է կազմակերպել հայ եւ գերմանացի գիտնականների գիտագործնական հանդիպումներ, գիտնականների փոխանակում, համատեղ գիտատեխնիկական նախագծերի ֆինանսավորում: Վերջիններիս համար կհայտարարվեն ծրագրերի մրցույթներ, որոնցից յուրաքանչյուրի արդյունքում կֆինանսավորվի մինչեւ 10 նախագիծ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին