Կնքվել են հայ-չինական համագործակցության պայմանագրեր
2012 թ. նոյեմբերի 4-11-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանն աշխատանքային այցով գտնվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին նաեւ «Քենդլ» ինստիտուտի տնօրեն Վասիլի Ցականովը, ԳՊԿ նախագահի խորհրդական Արա Օհանջանյանը:
Հայկական պատվիրակությունն այցելել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտ (SINAP): Սինքրոտրոնային ճառագայթման կենտրոնում (SSRF) հայկական պատվիրակությունը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին: Քննարկվել են «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի գիտատեխնիկական հնարավորությունները, հայ եւ չինացի գիտնականների համագործակցության հեռանկարները եւ միջազգային գիտական հանրության համար գիտության զարգացման առաջնային ուղղությունները:
Կողմերը բարձր են գնահատել հայ եւ չինացի գիտնականների համագործակցությունը ժամանակակից լույսի աղբյուրների ստեղծման և հետագայում հիմնարար ու կիրառական գիտությունների բնագավառներում դրանց կիրառման ուղղությամբ:
Նշվել է, որ Հայաստանում «ՔԵՆԴԼ» լույսի աղբյուրի ստեղծման նախագիծը մեծ ներուժ ունի՝ դառնալու գլխավոր գիտական ենթակառուցվածք տարածաշրջանի համար:
Նոյեմբերի 7-ին ստորագրվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի միջեւ համագործակցություն հաստատելու մասին փոխըմբռնման հուշագիր, որով SINAP-ն իր աջակցությունն ու հետաքրքրվածությունն է արտահայտում «ՔԵՆԴԼ» նախագծի շուրջ համագործակցելու գործում` ինչպես կառույցի ստեղծման, այնպես էլ փորձարարական ծրագրի փուլերում:
Հուշագրով նախատեսվում է սկսել համագործակցություն՝ հետևյալ ուղղություններով.
- փորձի եւ ռեսուրսների փոխանակում,
- համատեղ գիտահետազոտական ծրագրերի զարգացում,
- երիտասարդ գիտնականների եւ ճարտարագետների պատրաստում,
- համատեղ գիտաժողովների անցկացում:
ՀՀ կողմից հուշագիրն ստորագրել են ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանն ու «Քենդլ»-ի տնօրեն Վ. Ցականովը, իսկ ՉԺՀ կողմից՝ Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Ջենթանգ Ջաոնը: Փաստաթղթով կողմերը հաստատել են, որ «ՔԵՆԴԼ» նախագծի հաջող իրականացումը փոխշահավետ է, եւ նախագիծն արժանի է ընդգրկվելու գիտության եւ տեխնիկայի բնագավառում միջազգային համագործակցության ծրագրերում:
Շանհայում Հայաստանի պատվիրակներն այցելել են նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների ցուցահանդես:
Շանհայից հայկական պատվիրակությունը մեկնել է Պեկին, որտեղ նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների փոխնախարար Ցյաո Ցյիանլինի հետ: Հանդիպման ժամանակ ԳՊԿ նախագահը խոսել է Հայաստանում գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների, միջազգային համագործակցության կարեւորության, «Քենդլ» ծրագրի տարածաշրջանային նշանակության մասին:
Ցյաո Ցյիանլինը նույնպես ներկայացրել է իրենց երկրում գիտության վիճակը: Նա կարծիք է հայտնել, որ SSRF-ի եւ «Քենդլի» միջեւ կնքված հուշագիրը հիմք կհանդիսանա՝ հետագայում երկու երկրների միջեւ գիտեխնիկական համագործակցության դաշտն ընդլայնելու համար: Հանդիպման արդյունքում կնքվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ՉԺՀ կրթության եւ տեխնոլոգիաների նախարարության միջեւ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին փոխըմբռնման հուշագիր, որի ստորագրմանը մասնակցել է նաեւ Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը: Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում՝ նպաստելով գիտական կադրերի փոխանակմանը, համատեղ գիտաժողովների, սեմինարների, գիտագործնական հանդիպումների կազմակերպմանն ու գիտատեխնիկական նախագծերի իրականացմանը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին