ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կնքվեց պայմանագիր Իտալիայի հետ

22.05.2013

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի ղեկավարությամբ, մայիսի 13-19-ը այցելել են Իտալիա՝ մասնակցելու Գենետիկ ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների միջազգային կենտրոնի (ICGEB) կառավարիչների խորհրդի 19-րդ նստաշրջանին: Այցելության ընթացքում կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել կենտրոնի միջազգային հարցերի գծով փոխտնօրեն Դ. Ռիպանդելիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Մայիսի 16-17-ը կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն (ICTP):

Մայիսի 17-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ ստորագրվել է  գիտության եւ կրթության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, իսկ միջազգային կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ֆ. Քուեւեդոն: Պայմանագրի կնքմամբ ՀՀ-ն դարձավ միջազգային կենտրոնի գործունեության խորհրդի անդամ: Համաձայն պայմանագրի կենտրոնը պարտավորվում է ՀՀ-ում կազմակերպել տարածաշրջանային դպրոցներ, գիտագործնական հանդիպումներ եւ գիտաժողովներ, աջակցել հայ ուսանողների ու ակտիվ գիտական գործունեություն ծավալող մինչեւ 45 տարեկան հետազոտողների այցը Իտալիա, աջակցել ՀՀ եւ հարեւան պետությունների միջեւ գործող տարածաշրջանային գիտահետազոտական ցանցին զարգացմանը:

Իտալիա այցելության ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաեւ Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրեն Ռ. Ռուֆֆինիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության վերաբերյալ դրույթներ, կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Պիսկարայում գտնվող Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի կենտրոնակայան: Քննարկվել է նաեւ  2014 թվականին ՀՀ-ում կենտրոնի գրասենյակի բացման հարցը: