ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվեցին գիտության ֆինանսավորման խնդիրները

28.04.2011

Ապրիլի 27-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում հյուրընկալվեցին «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

 

Հանդիպման առիթը Facebook սոցիալական ցանցում լայն հնչեղություն ստացած «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» թեմայով քննարկումն էր, որին ակտիվորեն մասնակցում են նաեւ նշված կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք նպատակ ունեին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալներին եւ բնագավառում առկա խնդիրներին:

 

Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրեց Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները՝ համեմատելով Խորհրդային Միության տարիներին Հայաստանի գիտական կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման եւ ներկայումս  այլ երկրներում գիտությանը հատկացվող միջոցների հետ: Նա անդրադարձավ Գիտության պետական կոմիտեի եռամյա գործունեությանը, ոլորտի բարեփոխման ուղղությամբ իրականացրած միջոցառումներին, մասնավորապես՝ գիտության մեջ երիտասարդ կադրեր ներգրավելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

 

Կոմիտեի նախագահը պատասխանեց հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հարցադրումներին, ընդունեց նրանց առաջարկները՝ ակնկալելով այսուհետ առավել սերտ եւ արդյունավետ համագործակցություն:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին