ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«ՄՀՄԻ օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովը մեկնարկել է

19.10.2016
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Հոկտեմբերի 19-ին Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում իր աշխատանքներն է սկսել «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված ՄՀՄԻ հիմնադրման  60-ամյակին:

Գիտաժողովի բացմանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, անդրադարձավ հայ գիտնականների համար Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ստեղծած հնարավորություններին` ընդգծելով ինստիտուտի հետ համագործակցության կարևորությունը, հատկապես, Հայաստանում միջուկային տեխնոլոգիաների զարգացման, միջազգային հետազոտություններում հայ գիտնականների ինտեգրման և այդ բնագավառում կադրերի պատրաստման համար:

ՄՀՄԻ տնօրեն Վիկտոր Մատվեևի ելույթը վերաբերում էր ինստիտուտի կարգավիճակին, իրականացրած խոշորագույն ծրագրերին, հեռանկարներին:

ՄՀՄԻ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ելույթ ունենալով, ներկայացրեց Հանրապետությունում գիտատեխնիկական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Միջոցառման ժամանակ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի 60-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին մի շարք գիտնականներ: Համաշխարհային գիտության զարգացման, Հայաստանի և Ռուսաստանի գիտական կապերի ամրապնդման, միջազգային գիտական տարածք Հայաստանի գիտության ինտեգրման, Հայաստանում բարձրագույն որակավորմամբ մասնագիտական կադրերի պատրաստման բնագավառներում ներդրած ավանդի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին ՄՀՄԻ փոխտնօրեններ Միխայիլ  Իտկիսն ու Ռիխարդ Լեդնիցկին: Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով պարգևատրվեցին ՄՀՄԻ փոխտնօրեն Գրիգորի Տրուբնիկովն ու ՄՀՄԻ Ն. Բոգոլյուբովի անվան տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրեն, Վիկտոր Վորոնովը, իսկ ԳՊԿ պատվոգրով` ՄՀՄԻ Հայաստանի ազգային խմբի ղեկավար Էդիկ Հայրյանը` միջազգային գիտական համագործակցության զարգացման գործընթացում ունեցած ավանդի, օտարերկրյա պետությունների հետ համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության և ՄՀՄԻ-ի ու Հայաստանի գիտնականների համագործակցության ուղղությամբ բազմամյա ու արդյունավետ աշխատանքի համար: Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակությունը իր հերթին հուշամեդալներ ու պատվոգրեր հանձնեց Հայաստանի ու ինստիտուտի համագործակցության մեջ անձնական մեծ ներդրում ունեցող մի շարք գիտնականների:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 21-22-ին: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ Նախագահի նստավայրում, ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում, այցելություններ «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, Գառնիի երկրաֆիզիկական դիտարան, Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա և այլն:

Հիշեցնենք, որ ՌԴ Դուբնա քաղաքում՝ Մոսկվայից 120 կմ հեռավորության վրա գտնվող ինստիտուտը համաշխարհային ճանաչում ունեցող գիտական կենտրոն է, որտեղ հիմնարար հետազոտությունները (տեսական և փորձարարական) հաջողությամբ համադրվում են նորագույն տեխնոլոգիաների մշակման, ներդրման և համալսարանական կրթության հետ: ՄՀՄԻ-ի անդամ է 18 երկիր: Հայաստանի Հանրապետությունը ՄՀՄԻ անդամ-պետություն է 1992 թ.-ից, չնայած Հայաստանը, լինելով ԽՍՀՄ կազմում, ՄՀՄԻ ստեղծման պահից ընդգրկված է ինստիտուտի աշխատանքներում: Այսօր Հայաստանի բազմաթիվ գիտնականներ ու գիտական խմբեր են մասնակցում ինստիտուտի կողմից իրականացվող նախագծերին: հատկապես զարգացած կապեր են ձևավորվել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ու Երևանի պետական համալսարանի հետ:

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի մասին ավելի մանրամասն` ստորև: