ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կնքվել է համաձայնագիր Բորտնիկի հիմնադրամի հետ

29.06.2016

Հունիսի 27-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Մոսկվայում ստորագրել է համաձայնագիր  Գիտատեխնիկական ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն օժանդակող ռուսաստանյան հիմնադրամի  հետ:

Համաձայնագրի նպատակն է միջազգային համագործակցության, տեխնոլոգիական, գիտական անձնակազմի և հետազոտողների երկկողմ փոխանակումների միջոցով աջակցել փոքր և միջին ինովացիոն կազմակերպությունների և գիտական կառույցների զարգացմանը:

Տվյալ համաձայնագրի գործողությունների հիմնական շրջանակն ընդգրկելու է էներգաարդյունավետության, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիայի և բժշկության, տիեզերական և ատոմային հետազոտությունների, ինժեներական գործի և տեխնոլոգիաների, նյութագիտության ոլորտները:

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են համատեղ մրցույթներ, «Հորիզոն-2020»-ի շրջանակներում համատեղ նախագծերի ծրագրում և իրականացում, փոքր և միջին ձեռնարկությունների և գիտական կառույցների միջև ցանցային փոխհամագործակցություն:

Հիշեցնենք, որ Գիտատեխնիկական ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն օժանդակող հիմնադրամը, որը ստեղծողի անունով կոչվում է նաև Բորտնիկի հիմնադրամ, ներդրումներ է կատարում հեռանկարային գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման, նոր բարձրտեխնոլոգիական փոքր արտադրությունների ստեղծման, ինչպես նաև երիտասարդներին գիտատար ձեռնարկատիրական գործունեության մեջ ակտիվորեն ներգրավելու ուղղություններով: Հիմնադրամը մեծ տեղ է հատկացնում նաև Ռուսաստանի Դաշնությունից դուրս գործող ձեռնարկատերերի հետ կապերի հաստատման հարցերին: 

Հիմնադրամի ներկայացուցիչների կողմից առաջարկվել է նաև աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Մոսկվայում Գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչների համար բացել գրասենյակ:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին