ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բիշքեկում տեղի է ունեցել գիտության ոլորտում համագործակցության խորհրդի 3-րդ նիստը

24.11.2014

2014 թվականի նոյեմբերի 12-ից 14-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրավերով գործուղվել է Բիշքեկ (Ղրղզստանի Հանրա­պե­տու­թյուն): Գործուղման նպատակն էր` մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակ­ցության խորհրդի 3-րդ նիստի աշխատանքներին և Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

Խորհրդի 3-րդ նիստի ընթացքում քննարկվել են 2-րդ նիստի արդյունքում ընդունված որոշումների կատարման ընթացքին նվիրված հարցեր, հիմնարար գիտությունների ոլորոտում համագործակցության գերակա ուղղությունների հաստատման վերաբերյալ առաջարկություններ, ԱՊՀ անդամ-պետությունների գիտությունների ակադեմիաների միջև համագործակցության խթանմանն ուղղված հարցեր:

Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել Ղրղզստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ա. Էրկեբաևը, ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակ­ցության խորհրդի նախագահ Ն. Լավյորովը, հիմնարար գիտությունների ոլորոտում համագործակցության գերակա ուղղությունների հաստատման առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Վ. Օրլովիչը և այլք:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրի նախագծի մշակման հարցը: Բոլոր մասնակիցների կողմից կարևորվել է նշված  փաստաթղթի ընդունումը, քանի որ վերջինս կհանգեցնի համագործակցող պետությունների ընդհանուր գիտատեխնկական տարածքի  զարգացմանն ու ընդլայնմանը, կնպաստի այդ տարածքում իրավական դաշտի ներդաշնակեցմանը, ինչպես նաև  հիմնարար ու կիրառական գիտությունների բնագավառում ԱՊՀ համագործակցության ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը: Կարևորվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակ­ցության խորհրդի ակտիվ համագործակցությունը գիտատեխնիկական և նորարարությունների ոլորտում համագործակցության միջպետական խորհրդի հետ: Քննարկվել է նաև գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամի ստեղծման հարցը: Այս կապակցությամբ, ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակ­ցության խորհրդի նախագահ Ն. Լավյորովն իր ելույթի ընթացքում նշել է, որ Ռուսաստանում ներկայում քննարկվում է հիմնարար հետազոտությունների նյութական աջակցության ֆինանսական միջոցների պետական հիմնադրամի ստեղծման հարցը, իսկ Մաքսային Միության ստեղծումը կդառնա  հիմնարար և կիրառական գիտությունների ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման միջպետական համակարգի գործունեության պայմաններից մեկը:   

Առաջարկվել է հանձնարարել աշխատանքային խմբերին ակտիվացնել կոնկրետ ուղղություններով հիմնարար հետազոտությունների մշակման աշխատանքները :

Առաջարկվել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտությունների ոլորտում համագործակ­ցության խորհրդի 4-րդ նիստն անցկացնել Երեւանում, 2015 թվականի հոկտեմբերին:

 

 

Գիտության պետական կոմիտեի աշխատակազմ