ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Համագործակցության զարգացում՝ գիտության եւ ինովացիայի բնագավառում

14.07.2010

Հուլիսի 9-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է «ԱՊՀ երկրների գիտատեխնիկական եւ ինովացիոն զարգացումը. ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողովին: Այն կազմակերպվել էր ՌԴ կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ եւ ԱՊՀ  երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: ԱՊՀ-ում Գիտության եւ ինովացիայի տարի հայտարարված 2010 թվականի առանցքային միջոցառումներից համարվող գիտաժողովին մասնակցել են Համագործակցության բոլոր երկրների ներկայացուցիչներ:

 

Գիտաժողովի ժամանակ քննարկումներ ծավալվեցին երեք հիմնական զեկույցների շուրջ: Առաջին զեկույցը՝ «ԱՊՀ երկրների գիտատեխնիկական եւ ինովացիոն զարգացման արդիական խնդիրները, գիտության եւ ինովացիայի ոլորտում փոխշահավետ միջպետական հարաբերությունների կատարելագործման ուղիները» վերնագրով, ներայացրեց ՌԴ ԿԳ նախարար Ա. Ֆուրսենկոն: Զեկույցից հետո ծավալված քննարկումների ժամանակ ելույթ ունենալով՝ Ս. Հարությունյանը ներկայացրել է վերջին երկու տարում մեր երկրում գիտության ոլորտում կատարված բարեփոխումները, ընդունված փաստաթղթերը, ոլորտի գերակայությունները: Նա խոսել է նաեւ ոլորտում իրականացված ծրագրերի, այդ թվում՝ նոր ստեղծված Ռուս-հայկական ինովացիոն կենտրոնի մասին:

 

Երկրորդ զեկույցից հետո, որը վերաբերում էր ԱՊՀ երկրների գիտական, գիտատեխնիկական եւ կրթական կազմակերպությունների համագործակցությանը եւ ժամանակակից գիտատեխնիկական զարգացման գերակա ուղղություններով համատեղ հետազոտությունների ու առաջատար ինովացիոն տեխնոլոգիաների մշակմանը, խոսվել է ԱՊՀ շրջանակներում գիտական համագործակցությունն ավելի ինտենսիվ դարձնելու նպատակով համատեղ խոշոր գիտական ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին: Այստեղ պրն Հարությունյանը նրկայացրել է «Քենդլ» միջազգային ծրագիրը, եւ, որպես ծրագրի իրականացման պատասխանատու մարմնի ղեկավար, ՀՀ կառավարության անունից հրավիրել է ներկա երկրներին մասնակցելու այդ ծրագրին: «Քենդլ»-ը հետաքրքրել է  գիտնականներին, մասնավորապես, ռուսական «Կուրչատովյան ինստիտուտ» գիտական կենտրոնի տնօրեն Մ. Կովալչուկին, ում հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում կազմակերպել՝ ծրագիրն առավել մանրամասն ներկայացնելու նպատակով:

 

Գիտաժողովում քննարկված երրորդ թեման գիտություն-կրթություն-բիզնես կապն էր՝ դարձյալ ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության զարգացման տեսանկյունից: Այստեղ քննարկումների ժամանակ շեշտվել է ԱՊՀ մակարդակով միասնական վենչուրային հիմնադրամի ստեղծման նպատակահարմարությունը, որը կֆինանսավորի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր:

 

Գիտաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ ընդունվել է մի փաստաթուղթ, որը, որպես առաջարկությունների փաթեթ, կքննարկվի ԱՊՀ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպման ժամանակ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին