Կայացել է «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը
Հունիսի 22-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Լինելով «Քենդլ» նախագծի իրականացման պատասխանատու մարմնի ղեկավար` նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
«Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի իրականացմամբ Հայաստանում ենթադրվում է ստեղծել «Քենդլ» 3 ԳԷՎ էներգիայով երրորդ սերնդի սինքրոտրոնային լույսի աղբյուր, ինչը կխթանի երկրի առաջատար գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումը, տնտեսության գիտատար ուղղությունների համար կծառայի որպես փորձագիտական բազա, ինչպես նաև կապահովի որակապես նոր մակարդակ` միջազգային համագործակցության ասպարեզում։
Խոսելով ծրագրի կարևորության մասին` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը կայացրել է քաղաքական որոշում` մասնավոր ներդրողների կողմից ծրագրին աջակցության պարագայում մասնակիորեն ֆինանսավորել ոլորտը։
Նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի ներկա իրավիճակը, նախագծի բիզնես պլանը և տնտեսական ազդեցության գնահատումը ներկայացնող ուսումնասիրության հիմնական դրույթները, «Քենդլ» կենտրոնի կարգավիճակի և կառուցվածքի մասին առաջարկությունը, կենտրոնի տարածքի ընտրության և հատկացման խնդիրները։
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին