Մասնակցություն ICTP-ի հիմնադրման 50-ամյակի միջոցառումներին
Հոկտեմբերի 6-9-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Իտալիայի Տրիեստ քաղաքում մասնակցել է Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) ստեղծման 50-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցում էին ավելի քան 250 գիտնականներ ամբողջ աշխարհից:
Իր գործունեության 50 տարիների ընթացքում կենտրոնն աշխատել է գիտության բնագավառում միջազգային կապերի ամրապնդման, հատկապես՝ զարգացող երկրներում առաջավոր գիտական փորձի ներդրման ուղղությամբ: Կենտրոնը մեծ հնարավորություններ է ընձեռել զարգացող երկրների գիտնականներին ֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում հետազոտություններ կատարելու, ինչպես նաև գիտության վերջին նվաճումներին ծանոթանալու համար:
Միջոցառումը բացել է ICTP-ի տնօրեն Ֆերնանդո Քուևեդոն, ով ընդհանուր գծերով ներկայացրել է կենտրոնի հետագա գործունեության հիմնական ուղղությունները: Այնուհետև ելույթ են ունեցել ICTP-ի հիմնական հովանավորների՝ Իտալիայի կառավարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները:
Միջոցառման օրերին հնչել են բազմաթիվ զեկույցներ ICTP-ի գիտական քաղաքականության շրջանակներում, ծավալուն քննարկումներ են եղել հատկապես վերականգնվող էներգիայի և կյանքի մասին գիտությունների ուղղությամբ ICTP-ի կատարած հետազոտությունների վերաբերյալ: Միջոցառման ժամանակ հնչած ելույթներից առանձնացրեց նոբելյան մրցանակակիրներ Դեյվիդ Գրոսի, Կառլո Ռուբիայի և Ռոյ Գլոբերի զեկույցները:
Հիշեցնենք, որ 2013 թ. մայիսի 17-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի միջև ստորագրվել է գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին պայմանագիր, ինչով ՀՀ-ն դարձել է ICTP միջազգային կենտրոնի գործունեության խորհրդի անդամ: Պայմանագրի համաձայն՝ կենտրոնը պարտավորվում է ՀՀ-ում կազմակերպել տարածաշրջանային դպրոցներ, գիտագործնական հանդիպումներ և գիտաժողովներ, աջակցել հայ ուսանողների ու ակտիվ գիտական գործունեություն ծավալող մինչև 45 տարեկան հետազոտողների այցը Իտալիա, աջակցել ՀՀ և հարևան պետությունների միջև գործող տարածաշրջանային գիտահետազոտական ցանցի զարգացմանը:
Միջոցառման օրերին Սամվել Հարությունյանը հանդիպում է ունեցել ICTP-ի տնօրեն Ֆ. Քուևեդոյի հետ, ում հետ քննարկել է Հայաստանում Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICTP) մասնաճյուղը հիմնելու, մասնաճյուղի գործունեությունը կազմակերպելու և զարգացնելու վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ընթացքում պարոն Քուևեդոն անդրադարձել է նաև CANDLE ծրագրին և առաջարկել է առաջիկայում CANDLE-ի վերաբերյալ ընդարձակ զեկույցով հանդես գալ Տրիեստում` ծրագիրն ավելի մեծ լսարանի ներկայացնելու նպատակով:
Իտալիայում ԳՊԿ նախագահն առանձին հանդիպում է ունեցել նաև Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ICRANet) տնօրեն Ռ. Ռուֆֆինիի հետ, քննարկվել են վերջերս Հայաստանում բացված ICRANet-Yerevan կենտրոնի գործունեության, կենտրոնին միջազգային կարգավիճակ շնորհելու վերաբերյալ հարցեր:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին