Պարզաբանում բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթի վերաբերյալ
2018 թ. հունիսի սկզբներին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն ամփոփեց պետական ծրագրերում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հերթական մրցույթի արդյունքները:
Մրցույթի շրջանակներում գիտական գործունեության արդյունավետությունը որոշվում է ըստ գիտական արդյունքների գիտաչափական գնահատականի, որի համար հիմք են հանդիսանում՝ գիտական հոդվածները, մենագրությունները, կոլեկտիվ մենագրությունները, գիտամեթոդական ձեռնարկները, նյութերի կամ հոդվածների ժողովածուները, գիտաժողովների զեկույցները, արտոնագրերը, ղեկավարությամբ պաշտպանած թեկնածուական ատենախոսությունները, գիտական մրցանակները, ինչպես նաև գիտական աստիճանը:
Մրցույթի ժամանակ գիտական գործունեության տարբեր բնագավառներին/ մասնագիտություններին հատկացվում են տարբեր քվոտաներ՝ սահմանելով անցողիկ շեմեր, ինչով հաշվի է առնվում ինչպես մասնագիտությունների, այնպես էլ այդ մասնագիտությունների գծով գիտական արդյունքի ներկայացման առանձնահատկությունները. արդյունքները հիմնականում ներկայացվում են գիտական հոդվածների, թե մենագրությունների տեսքով՝ ունե՞ն ամսագրերն ազդեցության գործակից, թե ոչ, ինչքա՞ն են տարբերվում ամսագրերի ազդեցության գործակիցներն ըստ մասնագիտությունների և այլն:
Մրցույթն ամենամյա է, իրականացվում է սկսած 2013թ., ընդհանուր առմամբ, արժանացել է գիտական հասարակության բարձր գնահատականին և ստացել է միջազգային լայն արձագանք, մասնավորապես, մի շարք երկրների գիտության ոլորտի կառավարման մարմիններ կամ գիտական կազմակերպություններ դիմել են կոմիտե՝ փորձի փոխանակման համար:
Այնուհանդերձ, հասարակական և հումանիտար գիտությունների, այդ թվում՝ հայագիտության բնագավառների այս տարվա արդյունքները բուռն քննարկումների առիթ են տվել ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ՝ սոցիալական ցանցերում: Նշենք, որ նշված բնագավառներին հատկացվել է 23 տեղ՝ ընդհանուրի 22 % :
Մեկ ամիսը բավականաչափ ժամանակահատված է, որպեսզի ամփոփենք դժգոհությունները և փորձենք միասին գտնել առաջադրված հարցերի լուծումները: Դժգոհությունները դասակարգվում են հիմնականում 4 ուղղություններով՝
1. Հուզական քննադատություն: Սուբյեկտիվ է և պայմանավորված միջանձնային փոխհարաբերություններով:
2. Մրցույթի «փորձաքննության» քննադատություն: Այս մրցույթի շրջանակներում փորձաքննություն չի իրականացվում, այլ որոշակի մեթոդաբանությամբ միավորներ են հատկացվում գիտական արդյունքներին՝ հոդվածին, մենագրությանը, զեկույցին և այլն:
3. Գրագողության «խրախուսում»: Գիտական գործունեության վերաբերյալ ցանկացած աշխատություն հրապարակվելուց առաջ ստանում է ամսագրի խմբագրական կազմի դրական եզրակացությունը (եթե հոդված է) կամ առանձին գիտաշխատողների, գիտական խորհրդի երաշխավորությունները (եթե մենագրություն է), և ըստ մրցույթի պայմանների այդ փաստերը պետք է հավաստվեն և հաստատվեն կազմակերպության ղեկավարության կողմից: Դրա հետ մեկտեղ Գիտության կոմիտեն պատրաստ է կազմակերպել յուրաքանչյուր դեպքի լրացուցիչ քննություն:
4. Արտասահմանյան ամսագրերին և արտասահմանում հրապարակված մենագրություններին ավելի բարձր միավորներ հատկացնելու պահանջ: Որոշակի տարբերակներ արդեն իսկ մշակվել են, և Գիտության կոմիտեն պատրաստ է քննարկել առաջարկություններ:
Վերջում անհրաժեշտ ենք գտնում նշել հետևյալը՝ գիտության ոլորտի կայուն զարգացման ապահովումը կարևոր է ոչ միայն ոլորտի պետական լիազոր մարմնի, այլև՝ ոլորտի մասնագետների, բոլորիս համար: Մենք կարող ենք մեր նպաստը բերել ինչպես այդ բարեփոխումների շրջանակներում մշակված ծրագրերի ներդրման մեջ, այնպես էլ գոյություն ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները բարելավելու և նորերը մշակելու գործում: Ելնելով այդ անհրաժեշտությունից՝ Գիտության կոմիտեն հայտարարում է գիտության վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի ստեղծման մասին: 2018թ. սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը ժամը 15:00-18:00 Գիտության կոմիտեի նիստերի դահլիճում կազմակերպվելու են գիտության ոլորտին նվիրված քննարկումներ՝ կոմիտեի նախագահի կամ նախագահի տեղակալի ղեկավարությամբ: