Մատչելի բնակարաններ երիտասարդներին
ՀՀ կառավարության հուլիսի 8-ի նիստում որոշվել է հետ վերցնել Երեւան քաղաքի Ազատության պողոտայի N 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքերի ու շինությունների մի մասը եւ նվիրաբերել ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպությանը` «Մատչելի բնակարաններ երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրով բազմաբնակարան-բազմագործառնական շենք կառուցելու համար։
Համակողմանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այժմ աշխատում են ավելի քան 300 երիտասարդ գիտնականներ, ովքեր ունեն բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն։ Խնդիրը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ, արժանացել նրա հավանությանը։
Վերը նշված շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են երիտասարդ գիտնականներին եւ ՀՀ ստեղծագործական միությունների երիտասարդ անդամներին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին