ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մասնակցություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին նվիրված գիտաժողովին

20.09.2017

2017 թ. սեպտեմբերի 14-ից 16-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գործուղվել է Մոսկվա` Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի հայագիտական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակը. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:

Գիտաժողովի ժամանակ քննարկվել են Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի ստեղծման, կայացման փուլերի, կրթական, մշակութային և լուսավորչական գործունեության, Ռուսաստանի հայ համայնքի ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած դերի, Ռուսաստանում հայկական սփյուռքի ձևավորման պատմության վերաբերյալ թեմաներ: Նիստերին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մոսկովյան պատրիարքության ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ և այլն:

Որպես գիտաժողովի կազմկոմիտեի անդամ և համակազմակերպիչ մարմնի ղեկավար` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Հարությունյանը հանդես է եկել բացման խոսքով, մասնակցել նիստերին և քննարկումներին: Պարոն Հարությունյանը նաև մի շարք առանձնազրույցներ է ունեցել գիտաժողովի շրջանակներից դուրս` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի միջև 2016 թ. հունվարի 19-ին ք. Մոսկվայում կնքված Հայագիտական հետազոտությունների ոլորտում համագործակցության մասին մտադրությունների հուշագրի շրջանակներում իրականացվող համագործակցության ընթացիկ ձեռքբերումները քննարկելու, ինչպես նաև համագործակցության նոր եզրեր գտնելու նպատակով:

Ս. Հարությունյանի հետ զրույցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի կողմից հայտարարված հայագիտական հետազոտությունների նախագծերի աջակցության միջազգային մրցույթի անցկացման ընթացքի և արդյունքների կապակցությամբ: Վեհափառը կարևորել է այս նախաձեռնության շարունակականության ապահովումը և նշել է, որ մրցույթի արդյունքում 2017 թ. հունվարից ֆինանսավորման երաշխավորված 6 համատեղ գիտական ծրագրերից յուրաքանչյուրը լուրջ արժեք ունի հայ-ռուսական կապերի խորացման և ամրապնդման գործում:

Ս. Հարությունյանը հանդիպել է նաև Մոսկվայի պետական համալսարանի տեխնոպարկի գլխավոր տնօրեն Օլեգ Մովսեսյանի հետ՝ գիտական արդյունքի առևտրայնացման և գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Զրույցի ընթացքում Օ. Մովսեսյանը ներկայացրել է գիտական հետազոտությունների առևտրայնացման և նորաստեղծ գիտատեխնիկական ձեռնարկությունների աջակցության ուղղությամբ իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև պայմանավորվածություն է  ձեռք բերվել առ այն, որ Մոսկվայի պետական համալսարանի տեխնոպարկը կաջակցի Բորտնիկի հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կիրառական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ՌԴ ԻԱՀ–2017» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի գիտական արդյունքի առևտրայնացմանը:

Ս. Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նաև Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Զրույցի ընթացքում Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայացրել է Մոսկվայում Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի հովանու ներքո հայկական գիմնազիայի հիմնադրման գործընթացի մանրամասները: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հաստատել է իր պատրաստակամությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ միասին օժանդակելու գիմնազիայի հիմնադրման և կայացման գործընթացին՝ ուսումնական ծրագրերը կազմելու, համապատասխան մասնագետներ գործուղելու, գրքերի հրատարակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերում: