Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է:
Մարմնի գործունեության ոլորտին է վերապահվել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:
Կոմիտեի նպատակներն են՝
- ապահովել մասնակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ռազմավարական պլանավորմանն ու քաղաքականության մշակմանը.
- ապահովել բարձրագույն կրթության և գիտության ոլորտների ծրագրերի իրականացումը և գնահատումը, ինչպես նաև ուսանողներին աջակցության ցուցաբերումը.
- բարձրագույն կրթության և գիտության ոլորտների գործունեության կարգավորումը և որակի ապահովման ու կատարելագործման արդյունավետ իրավական հենքի ստեղծումը.
- բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
- մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը.
- եվրոպական և օտարերկրյա այլ պետություններում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը և դիպլոմների, դրանց ներդիրների ճանաչելիությունն ապահովելը.
- ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը.
- բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունը և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը.
- գիտական աստիճանաշնորհման համակարգի աշխատանքի կազմակերպումը.
- գիտական և գիտակրթական կադրերի որակավորման գործընթացին աջակցումը.
- Հայաստանի Հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի պահպանումը և զարգացումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը.
- գիտության, կրթության և արտադրության ոլորտների արդյունավետ փոխգործակցությանն ու ինտեգրմանը նպաստելը: