Սկսել է գործել HESS II դիտակը
Հուլիսի 26-ից Նամիբիայում սկսել է գործել երբեւէ ստեղծված Չերենկովյան դիտակներից խոշորագույն` 28 մ տրամագիծ ունեցող H.E.S.S. II դիտակը:
Դիտակի կառուցվածքը եւ նրա շարժաբեր համակարգը նախագծվել են Գերմանիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ինժեներների կողմից, արտադրվել` Նամիբիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Դիտակի ռեֆլեկտորի 875 վեցանկյուն հայելիներն արտադրվել են Հայաստանում, առանձին-առանձին բնութագրվել են Գերմանիայում: Հայելիների կարգավորման համակարգը Գերմանիայի եւ Լեհաստանի գիտական կազմակերպությունների համագործակցության արդյունքն է: Ֆոտոընդունիչն էլեկտրոնիկայի հետ միասին նախագծվել եւ կառուցվել է Ֆրանսիայում: Փոքր` 12 մ տրամագծով չորս դիտակների (որոնք աշխատում են սկսած 2004 թվականից) հետ միասին H.E.S.S. («High Energy Stereoscopic System» Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգ) դիտակայանը համարվում է բնագավառի ամենաառաջատար գիտասարքը եւ շարունակելու է աստղաֆիզիկական աղբյուրների ուսումնասիրությունը բարձր էներգիաների գամմա-ճառագայթների տիրույթում:
H.E.S.S. միջազգային համագործակցությանն անդամակցում են 12 երկրների 32 գիտահետազոտական կազմակերպությունների ավելի քան 170 ներկայացուցիչներ: H.E.S.S.-ի անդամ երկրներն են` Գերմանիան, Ֆրանսիան, Նամիբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, Ավստրիան, Լեհաստանը, Չեխիայի Հանրապետությունը, Շվեդիան, Հայաստանը եւ Ավստրալիան: