ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվել են ԵՀԽ դրամաշնորհային ծրագրերը

25.04.2017

Ապրիլի 19-21-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանն ու կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանը Եվրոպական հետազոտական խորհրդի հրավերով գործուղվել էին Թբիլիսի` մասնակցելու  «ԵՀԽ ծրագրերին Արևելյան գործընկերության երկրների մասնակցության հնարավորությունների ընդլայնում» խորագրով միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ԵՀԽ դրամաշնորհային ծրագրերը, հայտերին ներկայացվող պահանջները, հայտերի գնահատման գործընթացը: ԵՀԽ ծրագրերին մասնակցության ազգային և ինստիտուցիոնալ հեռանկարները թեմայով քննարկման ընթացքում ելույթ են  ունեցել Արևելյան գործընկերության երկրների գիտության ոլորտի պատասխանատուները: Վ. Սահակյանը, մասնավորապես, անդրադարձել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացումից հետո տեղի ունեցած գործընթացներին, ծրագրին հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցության հեռանկարներին, ԵՀԽ մրցույթներում հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցության աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին: «Հորիզոն-2020»  ծրագրում և մասնավորապես ԵՀԽ մրցույթներում Արևելյան գործընկերության երկրների մասնակցությունն աշխուժացնելու նպատակով Վ . Սահակյանն առաջարկել է քննարկել տարածաշրջանային մրցույթների անցկացման նպատակահարմարության հարցը:

ԵՀԽ ազգային կոնտակտային անձանց մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում Մ. Սարգսյանը ներկայացրել է ԵՀԽ ծրագրերի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ԵՀԽ 2017 թվականին նախատեսվող մրցույթներին մասնակցության համար նախապատրաստական փուլում գտնվող հայտերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անդրադարձել է ԵՀԽ մրցույթներին հայաստանյան մասնակցության հիմնական մարտահրավերներին:

Արևելյան գործընկերության երկրների գիտության ոլորտի պատասխանատուների և ազգային կոնտակտային անձանց միջև պայմանավորվածություն է ձեռք է բերվել` «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության խթանման համար տարվող աշխատանքների մասին պարբերաբար տեղեկատվություն փոխանակելու վերաբերյալ: 

 

Գիտության պետական կոմիտե