Պայմանագիր Springer հրատարակչության հետ
Նոյեմբերի 23-ին Փարիզում ստորագրվեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ ,,Springer Science and Business Media BV՛՛ ընկերության միջեւ «SpringerLink ինֆորմացիոն համակարգի լիցենզիայի տրամադրման մասին» պայմանագիրը: Հայկական կողմից պայմանագիրն ստորագրեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ֆրանսիական կողմից՝ ,,Springer Science and Business Media BV՛՛ ընկերության վաճառքի բաժնի նախագահ Պիտեր Քոեբերգը:
Պայմանագրով Հայաստանը հնարավորություն է ստանում սեփականատիրոջ իրավունքով օգտագործելու Springer-ի գիտատեղեկատվական ցանցը: Կառույցն ունի հզոր էլեկտրոնային գրադարան, որում ընդգրկված են 1760 գիտատեխնիկական ամսագիր եւ մոտ 2000 անուն գիտական գրականություն: Հայաստանում ինստիտուտների, բուհերի եւ գիտական այլ կենտրոնների գրադարաններում հնարավոր կլինի ազատորեն օգտվել Springer-ի տեղեկատվական բազայից:
Պայմանագիրը հնարավորություն է տալիս օգտվել նաեւ այդ հզոր գիտատեղեկատվական կառույցի այլ հնարավորություններից: Springer-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում հրատարակչության միջոցներով հայկական գիտական երկու ամսագիր անգլերեն թարգմանելու եւ հրապարակելու մասին: Հրատարակչությունը պատրաստ է անգլերենով հրապարակել նաեւ Հայաստանից ներկայացված գիտական գրքեր:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանն ընտրվել է Springer հրատարակչության խորհրդի անդամ, այսպիսով՝ Հայաստանն այսուհետ նաեւ իր ձայնը կունենա Springer-ի քաղաքականության որոշման հարցում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին