Վաստակաշատ հայագետներին շնորհվեցին կոմիտեի պարգևներ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ Քնարիկ Տեր-Դավթյանի (Արևշատյան) և Ալբերտ Մուշեղյանի հոբելյաններին նվիրված մեծարման ցերեկույթին:
Քնարիկ Տեր-Դավթյանը իր ուսումնասիրություններում զուգակցել է պատմագիտության և բանասիրության տվյալները: Նա իր ամուսնու` Սեն Արևշատյանի հետ միասին հայ գրականությունը քննել է գրական կապերի և ընդհանուր քրիստոնեական գրականության համատեքստում: Նա մեծ վաստակ ունի հայ սրբախոսական գրականության ուսումնասիրման բնագավառում, այսօր էլ շարունակում է աշխատել. ռուսերեն է թարգմանում հայ միջնադարյան արձակի մի շարք կարևոր երկեր:
Ալբերտ Մուշեղյանը նշանակալի ավանդ ունի հայ գրականության պատմության ուսումնասիրման գործում: Նա գրել է Հայ ժողովրդի պատմության ակադեմիական նոր բազմահատորյակի 5-10-րդ դարերի հայ պատմագրությանը վերաբերող բաժինները, հեղինակ է 100-ից ավելի մենագրությունների ու հոդվածների: Դժբախտ պատահարի հետևանքով վաղ տարիքից կուրանալը նրան չի ընկճել, և կամքի մեծ ուժով շարունակել է զբաղվել գիտությամբ և հասարակական գործունեությամբ: Նրա ջանքերի շնորհիվ Հայաստանում կազմակերպվել է բրայլյան տպարան` կույրերի համար ուռուցիկ տառերով գրքեր տպագրելու նպատակով:
Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, շնորհավորելով հոբելյարներին, տեղեկացրեց, որ հաշվի առնելով բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Վարազդատի Մուշեղյանի` գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումները, մեծ ավանդը և նշանակալի գործունեությունը` Գիտության պետական կոմիտեն նրան պարգևատրել է Ոսկե մեդալով: Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր Քնարիկ Սուրենի Արևաշատյանին շնորհվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պատվոգիր` հաշվի առնելով գիտության ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները, երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքը: