Հաստատվել են քիմիական նոր տարրերի անվանումները
2016 թվականի նոյեմբերի 28-ին, 5-ամսյա հանրային քննարկումներից հետո, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) հաստատել է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած 4 տարրերի անվանումները՝ 113՝ Nihonium (Nh), 115՝ Moscovium (Mc), 117` Tennessine (Ts) և 118` Oganesson (Og):
Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայազգի Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրած նոր՝ 118-րդ տարրն առաջարկվել էր անվանել Oganesson (Og): Տարրն այդպես անվանակոչելու առաջարկն արել էին Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականները` հաշվի առնելով Յուրի Հովհաննիսյանի` հետազոտությունների ժամանակ կիրառվող նորարարական մոտեցումները, որոնք վճռորոշ նշանակություն են ունեցել միջուկային ֆիզիկայի բնագավառում, հատկապես` գերծանր տարրերի հայտնաբերման ուղղությամբ:
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել IUPAC կայքը: