Ֆրանսիայի հետ երկկողմ գործակցության մրցույթի մասնակիցները հայտնի են

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը 2009 թվականի ապրիլի սկզբին հայտարարեցին գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ գործակցության ծրագրերի բաց մրցույթ:
Մրցույթն անցկացվելու էր 2009 թվականի հունվարի 20-ին Ֆրանսիայում կնքված «Գիտական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում եւ ընդգրկելու էր ճշգրիտ, բնական, հասարակագիտական եւ հումանիտար գիտությունների բոլոր բնագավառներում իրականացվող հիմնարար եւ կիրառական հետազոտությունները:
Մրցույթին հայտ ներկայացնելու իրավասություն ունեին Հայաստանում գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միավորումները՝ համատեղ ծրագրեր ներկայացնելու միջոցով:
Առաջարկների ընդունման ժամկետն ավարտվել է: Ստացված 16 հայտերի տեխնիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտերի գերակշիռ մասը ներկայացված է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների կողմից, 3 հայտ ներկայացրել է Երեւանի պետական համալսարանը (ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն), 2 հայտ՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն):
Մրցութային հայտերը դեռեւս պետք է գնահատվեն անկախ փորձագետների կողմից՝ հաշվի առնելով ծրագրերի որակը, գիտական նորույթը, երկկողմ գործակցության զարգացման հեռանկարները, երիտասարդ կադրերի ներգրավվածությունը, ինչպես նաեւ Եվրոպական միության կաղապարային ծրագրերում համատեղ հանդես գալու հնարավորությունը:
Վերջնական որոշումը կայացնելու իրավունք ունի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միասնական խորհուրդը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին