Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությունը կայացել է ՀՀ-ում
Նոյեմբերի 16-17-ը Հայաստան են ժամանել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը և Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան՝ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը մասնակցելու նպատակով:
Նախարարական երկխոսությունը տեղի է ունեցել Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Երկխոսության արդյունքում քննարկվել են Եվրոպական Միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրին Արևելյան գործընկերության երկրների մասնակցության հեռանկարները, այդ թվում՝ ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության զարգացման խնդիրները, ինչպես նաև ՀՀ հետազոտությունների և նորարարության բնագավառի մրցունակության բարձրացման հարցերը և Եվրոպական հետազոտական տարածքին այդ բնագավառի ինտեգրման հեռանկարները:
Երկխոսության արդյունքների մասին նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման բոլոր կողմերին. «Մենք հավատում ենք, որ «Հորիզոն-2020»-ին անդամակցելուց հետո մեր բոլոր երկրները կունենան նոր հնարավորություններ՝ մեր գիտակրթական համակարգերը եվրոպական կառույցներին ինտեգրելու ուղղությամբ: Շնորհակալ եմ մեր եվրոպացի գործընկերներին այն մշտական աջակցության համար, որ ստանում ենք այս ուղղությամբ:»:
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին նշել է, որ այս ծրագիրը շարունակական ջանքերի արդյունք է՝ Արևելյան գործընկերության երկրներն ավելի սերտորեն մոտեցնելու Եվրամիությանը: «Այստեղ ամենակարևորը տնտեսական զարգացումներին սատարելն է, իսկ դա հնարավոր է միայն, եթե առկա է որակյալ աշխատուժ՝ որակյալ գիտնականների առկայություն և արդիական սարքավորումներ: Հետևաբար, պետք է հնարավորինս օգտվել գիտահետազոտական աշխատանքների և նորարարության ներուժից, որն արդեն առկա է, և անել ավելին: Գիտության և հետազոտությունների ասպարեզում գոյություն չունի սահման, կամ առնվազն պիտի չունենա: Ներկայումս անում ենք հնարավորը՝ անցյալի դժվարություններն և մարտահրավերները հաղթահարելու համար: »:
«Մենք այսօր քննարկել ենք կոնկրետ գործողություններ` ինչպես կարող ենք մեր համակարգերն ավելի լավ ինտեգրել և ինչպես գերազանցության սանդուղքով բոլորս միասին բարձրանալ: Շնորհակալ եմ, որ այսօր համաձայնեցինք միասին հաստատել և առաջ տանել հանուն նորարարության մի նոր նախաձեռնություն: Սա ընդհանուր դաշտ կստեղծի երկու հենասյուններով՝ համակարգերի ներառում և մրցունակության խթանում: Դրա համար պետք է խթանել մրցունակությունն ու ֆինանսավորումը, հմտությունների մեջ ներդրում անելը»,-նշել է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը՝ տեղեկացնելով, որ «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել անհատներ, համալսարաններ, ձեռնարկություններ, սկսնակ ձեռնարկատերեր, նույնիսկ նույն գաղափարների շուրջ ներգրավված մարդիկ:
«Ինքս ևս փոքր երկրից եմ՝ Պորտուգալիայից: Ու թեև հիմա ներկայացնում եմ Եվրոպայի բոլոր քաղաքացիներին, բայց և այնպես, իմ երկիրը սրտիս ավելի մոտ է, և մեր երկրների միջև մեզ շատ մոտ մարդ է կանգնած՝ Գալուստ Գյուլբենկյան: Նա մեծ տեսլական ուներ և մեծապես սատարել է մեր երկու երկրներին, ուստի տեսնել նրա երկիրը՝ ինձ համար բավականին հուզիչ փորձառություն էր»,- նշել է Եմ հանձնակատար՝ Կարլոս Մոեդաշը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ գիտությունն առանց սահմանների ընդլայնվելու գաղափարախոսությունը մեծ հնարավորություն է տալիս փոքր երկրներին՝ իրականացնել իրենց հավակնությունները: «Մենք պայմանավորվել ենք ձևավորել ասոցացված երկրների ընդհանուր ցանց՝ համատեղ ծրագրերով մեր գիտականների համար լավագույն պայմաններ ստեղծելու համար: Բացի այդ, նպատակ կա մեր երկրում բացել հատուկ գրասենյակ, որպեսզի հնարավորություն ունենանք մեր գիտական հանրությանը նախապատրաստել «Հորիզոն-2020»-ի բարձր պահանջներին: Այս հարցում մենք իսկապես կարիք ունենք խորհրդատվական աջակցության, որը, վստահ եմ, մեր եվրոպացի գործընկերները կտրամադրեն»,-նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը, որը 2016 թ. հոկտեմբերի 19-ին վավերացվել է ԱԺ կողմից և ուժի մեջ է մտել 2016 թ. նոյեմբերի 12-ին:
«Հորիզոն-2020» շրջանակային (2014-2020) ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ Շրջանակային ծրագիրն է, որը գործելու է 2014-2020թթ. ընթացքում: Ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման բանակցությունները սկսվել են դեռևս 2013թ. հուլիսին: 2015թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը N 1255–Ա որոշմամբ համաձայնություն է տվել անդամակցության մասին համաձայնագրի կնքմանը:
«Հորիզոն-2020»-ին Հայաստանի մասնակցությունը հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրատներին հնարավորություն կտա մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող ամենաառաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցություններին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն: «Հորիզոն-2020» ծրագրին կարող են մասնակցել գիտահետազոտական կենտրոնները, ինստիտուտները, համալսարանները, տեղական և տարածաշրջանային իշխանությունները, կորպորացիաները, փոքր և միջին ձեռնարկությունները, ոչ առևտրային կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները:
«Հորիզոն-2020»-ի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: Ծրագրի միջոցով ֆինանսավորվելու են գիտական հետազոտությունների, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարության, նոր տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության խթանման բնագավառների հայտեր:
Ծրագրին որպես ասոցացված անդամ մասնակցում են Արևելյան գործընկերության վեց երկրներից չորսը՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան և Հայաստան: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը հատկացվում է միայն մրցութային հիմունքներով, որոնց իրավունք ունեն մասնակցելու ԵՄ անդամ-պետությունները և իրենց իրավասության տակ գտնվող 21 «անդրծովյան երկրներն ու տարածքները», «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրները (2016 թ. հունվարի 1-ի դրությամբ`16 երկիր), ևս 134 երկիր՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հրավերի պայմաններով այս կամ այն երկրի մասնակցությունը բացառվում է:
Ծրագրին մասնակցելու համար կազմակերպություններին առաջադրված միակ պայմանը բարձր մակարդակի հետազոտությունների իրականացման ունակությունն է: Այդ իմաստով հայաստանյան բոլոր գիտական կազմակերպությունները և բուհերը բավարարում են «Հորիզոն-2020»-ի պահանջներին ու արդեն իսկ մասնակցում են ծրագրի մրցույթներին: Իհարկե, եթե մինչև 2016թ. հունվարի 1-ն այդ մասնակցությունն իրականացվում էր 3-րդ երկրների գիտական կազմակերպությունների կարգավիճակով, ապա` ներկայում այն լինելու է ինչպես ԵՄ անդամ-պետությունների և «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրների կազմակերպություններինն է:
Գիտության պետական կոմիտեն կոչ է անում հայաստանյան գիտական կազմակերպություններին, բուհերին և, ընդհանրապես, գիտության ոլորտում ընդգրկվածներին` լինել առավել ակտիվ «Հորիզոն-2020» ծրագրի մրցույթներին մասնակցելու գործում: Կոմիտեն իր հերթին պատրաստակամություն է հայտնում այդ գործում ցուցաբերել համակողմանի աջակցություն:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին