ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Դուբնայում կայացել է ՀՀ - ՄՀՄԻ համագործակցության ծրագրերի կոմիտեի նիստը

29.03.2019

2019 թ. մարտի 24-ից 26-ը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի  հրավերով գործուղման էր մեկնել Դուբնա (ՌԴ)` մասնակցելու ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանի աշխատանքներին:

Նստաշրջանում քննարկվել և հաստատվել են ՄՀՄԻ 2019 թ. բյուջեն, 2019 թ. մարտի 22-23-ը կայացած ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արձանագրությունը, 2018 թ. բյուջեի կատարողականը, ՄՀՄԻ ֆինանսական գործունեության աուդիտորական ստուգման արդյունքները: Քննարկվել են նաև ՄՀՄԻ-ի և անդամ-պետությունների միջև «Գիտահետազոտական և կրթական համագործակցային ծրագրերի մասին» կարգի նախագիծը, ՄՀՄԻ անդամավճարների հաշվարկման նոր մեթոդաբանությունը 2020-2022 թթ. համար, ՄՀՄԻ ինովացիոն զարգացման նոր ծրագիրը և այլն:

ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում 2019 թ. մարտի 25-ին Դուբնայում կայացել է նաև Հայաստանի Հանրապետություն - ՄՀՄԻ համագործակցության ծրագրերի կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)», Գառնիի գեոֆիզիկական դիտարանի և ՄՀՄԻ միջև համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև համագործակցային ծրագրերի նախագծեր: Նիստի ավարտին ՄՀՄԻ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ՄՀՄԻ փոխտնօրեն Միխայիլ Իտկիսը ստորագրել են արձանագրություն, որով ևս մեկ անգամ հաստատել են սեյսմիկ մեծ զգայունություն ունեցող համակարգերի ստուգաչափման աշխատանքներ սկսելու և հետագայում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրելու պատրաստակամությունը: ՄՀՄԻ տնօրեն Վ. Մատվեևի հետ նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ «NICA» կոլայդերի վրա իրականացվող գիտահետազոտական ծրագրերում Հայաստանի Հանրապետության գիտնականների մասնակցության ծավալը առաջիկայում մեծացնելու ուղղությամբ:  

Դուբնա այցի շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ունեցել է մի շարք հանդիպումներ Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN) և այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների առանցքային թեման այդ կենտրոնների գիտական ծրագրերին հայ գիտնականների և մասնագետների` ավելի ակտիվ մասնակցությունն էր: Սամվել Հարությունյանին առաջարկվել է կազմակերպել Հայաստանի գիտական կենտրոնների և բուհերի երիտասարդ մասնագետների մասնակցությունը 2019 թ. սեպտեմբերի 4-17-ը Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստանի Դաշնություն) անցկացվելիք ՄՀՄԻ, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, Ռուսաստանի ազգային ակադեմիայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից համատեղ կազմակերպված «Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցի» աշխատանքներին:

ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաջորդ նստաշրջանն անցկացվելու է 2019 թ. նոյեմբերին Հանոյում (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն):