Հայ-իտալական համագործակցություն՝ «ՔԵՆԴԼ» կենտրոնի ստեղծման գործում
Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և Իտալիայի ELETTRA սինքրոտրոնային կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանում 3-րդ սերնդի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի վերաբերյալ:
Հայաստանյան կողմը ներկայացնում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ պրոֆեսոր Ս. Հարությունյանը և «ՔԵՆԴԼ» նախագծի տնօրեն Վ. Ցականովը: Իտալիայի ներկայացուցիչն էր ELETTRA սինքրոտրնային կենտրոնի նախագահ Կարլո Րիզուտոն:
Հանդիպումը կայացավ Ֆրիուլի Վենեցիա Ջիուլիա նահանգի նախագահ Ռենցո Տոնդոյի գլխավորած պաշտոնական պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ:
Քննարկվեցին Հայաստանում մշակված «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի հենքի վրա միջազգային կենտրոնի ստեղծման գիտատեխնիկական տեսանկյունները և դրա հեռանկարները միջազգային գիտական հանրության համար սինքրոտրոնային լույսի կիրառմամբ գիտական հետազոտություններին ուղղված Եվրոպական ծրագրերի շրջանակներում:
Կողմերը նշեցին, որ իտալացի և հայ գիտնականների համագործակցությունը «ՔԵՆԴԼ» միջազգային սինքրոտրոնային լույսի կենտրոնի ստեղծման գործում նոր խթան կհանդիսանա առաջատար տեխնոլոգիաների զարգացման համար, ինչպես նաև կնպաստի երկու երկրների միջև և առհասարակ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմանը:
Նախագծի առաջընթացն առավել արդյունավետ ապահովելու նպատակով կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին միջկառավարական մակարդակում նախագծի քննարկմանն աջակցելու, ինչպես նաև ներդնելու առկա ռեսուրսներն ու փորձագիտական համակարգը: