Քննարկվում են գիտության զարգացման հիմնահարցերը
Մայիսի 7-ին Ջերմուկում մեկնարկեց «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Հայրապետյանը եւ ԵրՃՇՊՀ ռեկտոր Հ. Թոքմաջյանը:
Գիտաժողովի առաջին զեկույցը ներկայացրեց Կ. Հայրապետյանը՝ գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերի վերաբերյալ: Նա անդրադարձավ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, թեմատիկ եւ նպատակային-ծրագրային ֆինանսավորման, գիտական փորձաքննության եւ գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձեւավորման, գիտական ծրագրերի եւ հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձեւավորման եւ աշխատանքի կազմակերպման կարգերին:
Նախատեսվում են նաեւ ընդարձակ քննարկումներ գիտության զարգացման ռազմավարության, գիտական աստիճանաշնորհման համակարգի հայեցակարգային դրույթների մասին: Նիստերում անդրադարձ կլինի Գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների, գիտական եւ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ:
Գիտաժողովին հրավիրված են ոլորտին առնչվող կառավարական մարմինների, ՀՀ ԳԱԱ գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների եւ բուհերի ներկայացուցիչներ:
Տեղեկատվության եւ հասարակայնությանհետ կապերի բաժին