ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ստորագրվեց պայմանագիր ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության հետ

16.11.2009

Նոյեմբերի 13-15-ը ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Արցախի պետական համալսարանի 40-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին:

 

Պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ եւ այլ պաշտոնատար անձինք:

 

ՀՀ պատվիրակության անդամները նոյեմբերի 13-ին հանդիպել են ԼՂՀ նախագահին Բակո Սահակյանին: Ողջունելով հյուրերին եւ երախտագիտություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ ԲակոՍահակյանը նշեց, որ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է: 

Նոյեմբերի 15-ին կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ ԼՂՀ ԿԳՆ միջեւ:

 

ՀՀ կողմից պայմանագիրը ստորագրեց գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, իսկ ԼՂՀ կողմից՝ կրթության եւ գիտության նախարար Վ. Խաչատրյանը:

 

Պայմանագրի ստորագրումը բխում էր ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցության, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության բնագավառում 2007-2010թթ. համագործակցության գործնական ծրագրերից:

 

Պայմանագրով նախատեսվում է իրականացնել բնագիտական, տեխնիկական և հումանիտար գիտությունների բնագավառներում իրագործվող հիմնարար, կիրառական բնույթի համատեղ աշխատանքներ, համատեղ ֆինանասավորել անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա մրցութային հիմունքներով ընտրված գիտական հետազոտությունների նախագծեր, աջակցել երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, կադրերի վերապատրաստմանը, համատեղ անցկացնել գիտաժողովներ, դասընթացներ, սեմինարներ և այլ գիտական միջոցառումներ:

 

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակության անդամները մասնակցեցին նաեւ Արցախի պետական համալսարանի 40-ամյակի կապակցությամբ կազմակերպված գիտամեթոդական կոնֆերանսին, այցելեցին ԼՂՀ տեսարժան վայրեր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժին