Կստեղծվի Եվրասիական ասոցիացիա
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը Մոսկվայում մասնակցել է «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի ստորագրմանը նվիրված միջազգային հանդիպմանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից, որին մասնակցում էին Եվրասիական տարածաշրջանի վեց պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Վիետնամի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անդամ-պետությունների միջև համագործակցությանն առնչվող առանցքային խնդիրներ, Եվրասիական տարածաշրջանում գիտության ինտեգրման, գիտական ու նորարարական առաջընթացի և ասոցիացիայի աշխարհագրության ընդլայնման հեռանկարներ, բազմակողմ գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման և մրցույթների անցկացման հնարավորություններ: Արդյունքում` Եվրասիական տարածաշրջանի վեց պետությունների գիտության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպությունների միջև ստորագրվել է «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագիր:
Պարոն Մարդոյանի կողմից առաջարկվել է քննարկել ասոցիացիային Իրանի, Չինաստանի, Սերբիայի և Իսրայելի անդամակցության հնարավորության հարցը, ինչը հավանության է արժանացել ասոցիացիայի անդամ-պետությունների բոլոր ներկայացուցիչների կողմից: Հետագայում ասոցիացիայի ընդլայնումը և նշյալ պետությունների անդամակցությունը հնարավորություն կընձեռի գիտության, տեխնիկայի և նորարարության ոլորտներում թե' երկկողմ, թե' բազմակողմ համագործակցային կապերը խորացնելու համար:
Հուշագրի ստորագրմանը հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ասոցիացիայի շրջանակներում համագործակցության սկզբնական փուլի կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրների` ներառյալ համատեղ ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները և ծավալները, տարածաշրջանի գիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործման եղանակները, գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղիները, անդամ-պետությունների աջակցությամբ բազմակողմ հետազոտական ծրագրերի մրցույթի իրականացումը, անդամ-պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական ոլորտների սահմանումը, համատեղ գիտական խմբերի ձևավորման խթանումը և այլն:
Քննարկվել և հավանության է արժանացել նաև «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի մասին» կարգի նախագիծը, որով սահմանվում են նշյալ ասոցիացիայի գործունեության հիմնական ոլորտները և կառուցվածքը: Քննարկումների արդյունքում որոշվել է նաև անցկացնել բազմակողմ գիտահետազոտական նախագծերի մրցույթներ` կողմերի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող, սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և եվրասիական տարածաշրջանի հիմնական մարտահրավերների լուծմանն առնչվող ոլորտներում: Յուրաքանչյուր մրցույթի թեմատիկ ուղղվածությունը, ֆինանսավորման պայմանները, անցկացման ժամկետները և այլ դրույթներ կսահմանվեն մրցույթն անցկացնող կողմերի միջև լրացուցիչ պայմանագրերի միջոցով:
Գիտության պետական կոմիտե