Հայաստանում գիտակրթական և մշակութային օրեր են. պաշտոնապես մեկնարկել է «STARMUS VI» փառատոնը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
Փառատոնի բացմանը ողջույնի խոսքով ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասել է. «Ողջունում եմ «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում: Մեր կառավարությունն աջակցել է 6-րդ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը, որովհետև փառատոնի նպատակները հիմնականում համընկնում են Հայաստանի ռազմավարական տեսլականին: «STARMUS»-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը, կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը: Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև մենք շարունակաբար մեծացնում ենք գիտության ֆինանսավորումը:
Հույս ունեմ՝ փառատոնի հյուրերից շատերին տեսնել մեր նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս, մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված, և նաև հույս ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային գիտական նախագծերի մեջ»:
«STARMUS VI» փառատոնի շրջանակում Հայաստան են այցելել աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ:
Փառատոնի շրջանակում հնչել է «Sonic Universe» համերգային ծրագիրը, տեղի է ունեցել Սթիվեն Հոքինգի շքանշանի հանձնման արարողությունը, որը ստացել է լեգենդար «Queen» խմբի կիթառահար, «STARMUS»-ի համահիմնադիր Բրայան Մեյը:
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը: Նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, դասախոսություններ, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ: