Քննարկվել են Հայաստանի գիտաինովացիոն զարգացման ոլորտի խնդիրները
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի գիտաինովացիոն զարգացմանը նվիրված գիտաժողով, որը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից: Միջոցառման կապակցությամբ Հայաստան է ժամանել Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ ինովացիոն քաղաքականության զարգացման բաժանմունքի ղեկավար Ռալֆ Հեյնրիխի գլխավորությամբ:
Միջոցառման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների կողմից պատրաստված Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցում ներառված եզրակացությունների իրականացման ընթացքը, Հայաստանի գիտական և ինովացիոն համակարգը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցը պատրաստվել է 2013-14 թթ. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների կատարած մեծածավալ ուսումնասիրությունների ու քննարկումների հիման վրա: Զեկույցի նպատակն էր բազմակողմանիորեն գնահատել ինովացիայի բնագավառում Հայաստանում առկա վիճակն ու ներուժը և համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ինովացիոն գործընթացների կազմակերպման ուղղությամբ առավել արդյունավետ քաղաքականության մշակման գործում: Զեկույցում հանգամանորեն ներկայացված են ՀՀ գիտական և գիտատեխնիկական ոլորտը, ազգային գիտաինովացիոն համակարգն ու քաղաքականությունը, գիտություն-արտադրություն կապն ու ինովացիոն գործընթացներում համագործակցությունը, ինովացիոն ձեռնարկատիրության ֆինանսավորման խնդիրները:
Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի անունից ներկաներին ողջունեց նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Նա կարևորեց զեկույցում ներառված եզրակացությունները ոլորտի հետագա քաղաքականությունը մշակելու և գիտաինովացիոն գործունեությունը կազմակերպելու գործում և համոզմունք հայտնեց, որ ոլորտի արտաքին գնահատականի պարբերական լինելը զգալիորեն կնպաստի դրա զարգացմանը: Վ. Սահակյանը խորհրդանշական համարեց այն, որ միջոցառումը հաջորդում է ոլորտին առնչվող երկու խոշոր իրադարձություններին` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագրի վավերացմանն ու նոյեմբերին Երևանում կայացած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսությանը:
ՄԱԿ-ի ԵՏՀ ինովացիոն քաղաքականության զարգացման բաժանմունքի ղեկավար Ռալֆ Հեյնրիխը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց հայ մասնագետներին համատեղ աշխատանքի համար և շնորհավորեց փաստաթղթի մշակումից ի վեր ոլորտում կատարված առաջընթացի համար:
Գիտաժողովի ընթացքում գիտաինովացիոն ոլորտում իրենց գերատեսչությունների կատարած աշխատանքները, ընդունած իրավական ակտերն ու գործառույթները ներկայացրեցին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչները: Ոլորտում իրականացրած ծրագրերն ու իրենց խնդիրները ներկայացրեցին գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին