Հայ-գերմանական գիտության օր
Հոկտեմբերի 5-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայ-գերմանական գիտության օր» միջոցառման բացումը:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառման հիմնական նպատակն է` ամփոփել գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ձեռքբերումները, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցային ծրագրերի իրականացման հեռանկարները:
Միջոցառումը բացեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը (բացման խոսքը՝ ստորև):
Մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Պարոն նախարարը նշեց, որ կրթության և գիտության ոլորտում բոլոր նախադրյալները կան հայ-գերմանական համագործակցության ամրապնդման և համատեղ գիտական ծրագրերի իրագործման համար. ավելի քան 2200 ուսանողներ Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերով ուսանել և ուսանում են Գերմանիայի առաջատար բուհերում, քննարկվում է Հայաստանում գերմանական գիմնազիայի հիմնադրման ծրագիրը, իրականացվում են համատեղ գիտական նախագծեր: Նախարարն անդրադարձավ նաև «Հորիզոն 2020» ծրագրին անդամակցելու համար Հայաստանի վարած բանակցություններին: Նա նշեց, որ ԵՄ շրջանակներում գիտական համատեղ նախագծերի ֆինանսավորման լավագույն գործիքներից մեկը հանդիսացող «Հորիզոն 2020» ծրագրին անդամակցելու համար Հայաստանին տրամադրվել են անդամակցության արտոնյալ պայմաններ՝ անդամավճարի նկատելի զեղչ: Նախարարը կոչ արեց միջոցառմանը ներկա գիտնականներին՝ լինել ավելի ակտիվ և օգտագործել նոր ծրագրի հնարավորությունները:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Կեսլերը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Հայաստանում գիտության ոլորտում միջազգային, հատկապես, Գերմանիայի հետ համագործակցությանն անդրադարձավ կոմիտեի Միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանը:
Հետագա ելույթներն ուղղված էին Հայ-գերմանական գիտակրթական կապերն ամրապնդելուն ուղղված կոնկրետ ծրագրերին: Ելույթներով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության պատվիրակության անդամները, ԳԴՀ-ում գործող մի շարք գիտական կազմակերպությունների և հիմնադրամների (Հետազոտությունների գերմանական հիմնադրամ, Ֆրաունհոֆերի և Լայբնիցի ասոցիացիաներ, Մաքս-Պլանկի միություն և այլն), ինչպես նաև հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտության ոլորտում հայ-գերմանական կապերի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած ավանդի համար ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության հարցերով տնօրեն Միխայել Շլիխտը պարգևատրվեց Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:
Միջոցառման ընթացքում խիստ կարևորվեց Գերմանական էլեկտրոնային սինքրոտրոնի (DESY) դերը Քենդլ նախագծի իրականացման գործում: Կնքվեց պայմանագիր «Քենդլ» ինստիտուտի և DESY արագացուցչային կենտրոնի միջև, որը կնպաստի «Քենդլ» նախագծի շրջանակներում փորձագետների փոխանակմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը, երիտասարդ գիտնականների և ճարտարագետների համար դասընթացների, գիտաժողովների կազմակերպմանը:
Ընդհանուր առմամբ, գիտական այս միջոցառումն ուղղված է երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, գիտության ոլորտում հայ-գերմանական համագործակցության առավել արդյունավետ կազմակերպմանը, ինչը կընդլայնի հայաստանյան գիտական համայնքի Եվրոպական գիտահետազոտական տարածք ինտեգրման հնարավորությունները:
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին