ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի նախագահը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները և հիմնախնդիրները

24.09.2016

Սեպտեմբերի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը` «Անկախության 25 տարիներ. գիտության ոլորտի ձեռքբերումները և հիմնախնդիրները» թեմայով:

Ասուլիսում Ս. Հարությունյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր գիտության ոլորտում առաջացած խնդիրներին, դրանց լուծումների ուղղությամբ ձեռնարկված քայլերին ու Գիտության պետական կոմիտեի գործունեությանը:

Ս. Հարությունյանը նշեց, որ նախքան Գիտության պետական կոմիտեի ստեղծումը գործում էին գիտության կառավարման երեք տարբեր մեխանիզմներ` ակադեմիական, ճյուղային և բուհական: Այս երեք համակարգերի միասնական կառավարման ինստիտուտ չկար, ինչը բազմաթիվ խնդիրների պատճառ էր դառնում: Գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակման նպատակով էլ, թերևս, 2007 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում ստեղծվեց նոր կառույց՝ գիտության պետական կոմիտեն:

Ասուլիսի ընթացքում Սամվել Հարությունյանն անդրադարձավ 2007-2016 թթ. ընթացքում ոլորտը կանոնակարգելու նպատակով կոմիտեի կողմից մշակված իրավական ակտերին, ոլորտի պետական ֆինանսավորման հիմնական ուղղություններին, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման հայտերի մրցույթներում կատարված փոփոխություններին, ֆինանսավորման ընդհանուր ծավալներին և այլն:

Գիտության պետական կոմիտեի նախագահը լրագրողներին ծանոթացրեց նաև ոլորտի ընթացիկ ծրագրերին, որոնք ուղղված են կիրառական արդյունքի ձեռքբերմանը, գիտության ոլորտ երիտասարդ հետազոտողների ներգրավվածությանը, գիտական ենթակառուցվածքների արդիականացմանը, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրմանը և այլն:

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն առանձին անդրադարձավ գիտության ոլորտում իրականացվող 2 լայնամասշտաբ ծրագրերին` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար նախատեսված Ռադիոիզոտոպների «CYCLONE 18/18» արագացուցչի և  «Քենդլ» ծրագրի շրջանակներում երկու սինքրոտրոնային արագացուցիչների կառուցմանը:

Վերջում Ս. Հարությունյանն անդրադարձավ գիտության ոլորտում միջազգային համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Ասուլիսի վերաբերյալ համառոտ հաղորդագրությունը:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին