Ամփոփվեց կոմիտեի վերջին տարվա գործունեությունը
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ բանախոսն ամփոփեց կոմիտեի վերջին մեկ տարվա գործունեությունը:
Պարոն Հարությունյանը նախ անդրադարձավ իրավական ակտերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությունն ընդունել է կոմիտեի կողմից մշակված 4 որոշում: Դրանցից առավել կարևորեց ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվել էին ծրագրի նպատակները և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Կոմիտեի նախագահը խոսեց նաև օգոստոսին կառավարության որոշմամբ ստեղծված Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոնի մասին, որի գործունեության հիմնական նպատակներն են լինելու` Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալների ավելացումը, ԵՄ «Հորիզոն 2020» ծրագրի թեմատիկ ուղղություններով փոխգործակցության համակարգումը, գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը նպաստելը՝ ի շահ նշված ոլորտների կայուն զարգացման։
Սամվել Հարությունյան նշեց, որ վերջին տարվա ընթացքում Գիտության պետական կոմիտեում ծավալուն աշխատանք է տարվել գիտական թեմաների մրցույթների կազմակերպման ուղղությամբ, ամփոփվել են մինչ այդ հայտարարված 13 մրցույթների արդյունքները, հայտարարվել են նորերը:
Գիտական թեմաների մրցույթներից կոմիտեի նախագահը հատուկ անդրադարձավ ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացման աջակցության հիմնադրամի հետ հայաստանյան և ռուսաստանյան գիտահետազոտական խմբերի համար կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված համատեղ նախագծերի մրցույթին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ անցկացված մրցույթին, երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթին:
Ասուլիսի ընթացքում Սամվել Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց նաև թվային տվյալներ վերջին տարում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի ֆինանսավորման գործընթացների մասին՝ ըստ ծրագրերի և ենթածրագրերի:
Տարվա ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նիստերի աշխատանքներին, նշանակվել են խորհրդի ենթահանձնաժողովների նախագահները, հաստատվել է ենթահանձնաժողովների անդամների ցուցակը:
2017 թ. օգոստոսի 1-ին Գիտության պետական կոմիտեում կնքվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայկական ատոմային էլեկտրակայանի միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեխնիկական և քրեագիտական փորձաքննության համատեղ լաբորատորիայի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագիր:
Անդրադառնալով միջազգային համագործակցության շրջանակներում ձեռքբերումներին՝ Սամվել Հարությունյանը հատկապես կարևորեց «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքումը: Հուշագրեր են կնքվել նաև Տեսական ֆիզիկայի ասիական-խաղաղօվկիանոսյան կենտրոնի, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» Հայաստանի ազգային ներկայացուցչության, Բուլղարիայի ազգային գիտական հիմնադրամի հետ: Կարևորեց «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վերաստորագրման փաստը: ՄԳՏ կենտրոնը մշակում, հաստատում, ֆինանսավորում ու վերահսկում է կողմերի տարածքներում գտնվող հաստատություններում և կառույցներում իրականացվող գործունեությունը, որն առնչվում է միջուկային, ռադիոլոգիական, քիմիական և կենսաբանական զենքերին:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել են միջազգային նշանակություն ունեցող միջոցառումներ: 2016 թ. հոկտեմբերի 19-21-ը Երևանում կայացել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված ՄՀՄԻ հիմնադրման 60-ամյակին: 2016 թ. նոյեմբերի 17-ին՝ «Արևելյան գործընկերության գիտության նախարարների ոչ պաշտոնական երկխոսություն» միջոցառումը, իսկ 2016 թ. դեկտեմբերի 9-ին՝ Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի եզրակացությունների իրականացմանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու մեջ գիտաինովացիոն գործունեության դերին նվիրված աշխատաժողով:
2017 թ. փետրվարի 21-25-ը ԱՄՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված ՀՀ-ում միջուկային փորձաքննության ապագա զարգացմանը, ինչպես նաև այդ ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խթանման հարցերին:
Հոկտեմբերին նախատեսվում է այցելություն ԱՄՆ՝ Երկրի դիտարկումների խմբի 14-րդ լիագումար նստաշրջանին և Գործադիր կոմիտեի 41-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Սամվել Հարությունյանը լրագրողների հիշեցրեց նաև տարվա ընթացքում տեղի ունեցած համաշխարհային գիտական նշանակություն ունեցող մի իրադարձության մասին: Տարվա ընթացքում Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվել է նոր քիմական տարրով` Oganesson (Og), որն այդպես է կոչվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայազգի Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին