ՄՀՄԻ հետ համագործակցությունը շարունակվում է
Հուլիսի 8-ին Դուբնայում (ՌԴ) տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ղեկավարած պատվիրակության հանդիպումը Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրինության հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՄՀՄԻ փոխտնօրեն Մ. Իտկիսը, ակադեմիկոս Յ. Հովհաննիսյանը, ՄՀՄի աշխատակիցները:
Հանդիպման նպատակն էր քննարկել մասնակից երկրների կողմից կատարվող անդամավճարների չափը և վճարման նոր մեխանիզմները: Ինչպես հայտնեց պարոն Հարությունյանը` Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է համագործակցել ՄՀՄԻ գործունեության հետ:
Պարոն Հարությունյանը խոսեց նաև Հայաստանում միջուկային բժշկության բնագավառում իրականացվող ձեռքբերումների մասին` նշելով, որ շուտով տարածաշրջանում Հայաստանը կդառնա մի երկիր, որը կկարողանա արտադրել, օգտագործել և վաճառել ռադիոնուկլինդներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության հարցեր, այդ թվում` ՄՀՄԻ աշխատանքներում երիտասարդ մասնագետների ներգրավման վերաբերյալ: ՄՀՄԻ ներկայացուցիչները նշեցին, որ Դուբնան այսօր այն կենտրոներից է, որտեղ երիտասարդները կարող են ներգրավվել բուն գործընթացների մեջ և ձեռքբերել անգնահատելի փորձ:
Կոմիտեի նախագահն իր կողմից առաջարկեց Հայաստանում գիտական փորձաքննության գործընթացում ներառել նաև ինստիտուտի բարձրակարգ մասնագետներին` որպես փորձագետներ:
Առաջարկվեց նաև ինստիտուտի 60-ամյա հոբելյանական միջոցառումների շարքում հանդիպում կազմակերպել նաև Հայաստանում`դրանով տալով հնարավորություն նպաստել ինստիտուտի հանրայնացմանը նաև մասնակից երկրներում: