ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը 85 տարեկան է

16.04.2018
image descriptionimage descriptionimage descriptionimage description

ՀՀ վարչապետի 2018 թ. ապրիլի 7-ի N 351-Ա որոշմամբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Մեծանուն գիտնականին պարգևը տրվել է ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անբասիր աշխատանքային գործունեության, ինչպես նաև ծննդյան 85-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը լրացել է 2018 թ. ապրիլի 14-ին:

Յուրի Հովհաննիսյանին 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, որի Գ. Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն է Յուրի Հովհաննիսյանը, տեղի են ունեցել ականավոր գիտնականին նվիրված միջոցառումներ: Գիտնականին շնորհավորական ուղերձ է հղվել  նաև Գիտության կոմիտեից:

Յուրի Հովհաննիսյանը Փարիզի համալսարանի պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի, Մեսինայի համալսարանների պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Սերբիայի գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ավելի քան 60 տարի Յուրի Հովհաննիսյանի գիտական գործունեությունը կապված է Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների գիտական ինստիտուտի հետ:

Գիտնականի աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Յուրի Հովհաննիսյանը նոր տարրերի (104-118 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված մեկ տասնյակից ավել հայտնագործությունների հեղինակ և համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։

2016 թ. նոյեմբերին Յուրի Հովհաննիսյանի պատվին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է Oganesson (Og): Տարրն այդպես անվանակոչելու առաջարկն արել էին Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Լիվերմորի (ԱՄՆ) ազգային լաբորատորիայի գիտնականները` հաշվի առնելով Յուրի Հովհաննիսյանի` հետազոտությունների ժամանակ կիրառվող նորարարական մոտեցումները, որոնք վճռորոշ նշանակություն են ունեցել  միջուկային ֆիզիկայի բնագավառում, հատկապես` գերծանր տարրերի հայտնաբերման ուղղությամբ:  

Յուրի Հովհաննիսյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2016 թվականին՝ ՀՀ Պատվո շքանշանի, 2017 թ.` ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանի, 2018 թ.` ՌԳԱ Լոմոնոսովի անվան Մեծ մեդալի և այլն: 2017 թվականի դեկտեմբերի 28-ին «Հայփոստը» շրջանառության մեջ է դրել Յուրի Հովհաննիսյանին նվիրված նամականիշ: