Գիտություն-տնտեսություն կապերն ամրապնդվեցին նոր համաձայնագրով
Հուլիսի 27-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ուենացավ հանդիպում Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի եւ «Տրանսֆեր Տեքնոլոջի Ասոցիացիայի» նախագահ Միքայել Աբովյանի հետ:
Հանդիպման նպատակն էր «Գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին» եռակողմ համաձայնագրի ստորագրումը:
Կոմիտեի նախագահը ողջունեց այս նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ համագործակցության արդյունքում կլինեն գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ նորարարական ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ –ում տնտեսության զարգացմանը, գիտնականների տնտեսական հատված ինտեգրմանը, գիտական ծրագրերի առեւտրայնացման խնդիրների լուծմանը:
Համաձայնագրի ստորագրմամբ կողմերը պարտավորվեցին կենտրոնացնել իրենց հնարավորությունները եւ ստեղծել կենտրոն՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում նորարարական գործունեությանը, առեւտրայնացման ներուժ ունեցող գիտատեխնիկական մշակումների իրականացմանը, գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացմանը, նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտությունները տնտեսության կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղելուն, գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը եւ ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը:
Համաձայնագրի արդյունքում Գիտության պետական կոմիտեն պարտավորվում է աջակցել գիտական արդյունքների առեւտրայնացմանը եւ տնտեսության մեջ ներդրմանը, խթանել ՀՀ գիտական կազմակերպությունների, գիտական աշխատողների խմբերի եւ գիտական աշխատողների կողմից կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նորարարական ծրագրերը Կենտրոնին ներկայացմանը:
Համաձայնագրի մյուս կողմերը պարտավորվում են կազմակերպել կենտրոնին ներկայացված ծրագրերի փորձաքննությունների ընդհանուր գործընթացը, ծրագրերի տեխնիկական իրագործելիության փորձաքննությունը, հայկական նորարարական տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող օտարերկրյա կազմակերությունների համար գործնական այցեր եւ տեղական համապատասխան կազմակերությունների հետ հանդիպումներ, աջակցել ծրագրեր ներկայացրած գիտատեխնիկական խմբերի մասին տեղեկությունների հավաքագրմանը, գործարար շրջանակներին տեղեկատվություն տրամադրել առկա տեխնոլոգիաների, տեխնոլոգիական լուծումների, նորարարական առաջարկների, բիզնես նախագծերի մասին, խորհրդատվություն տրամադրել մտավոր սեփականության, գիտատեխնիկական մշակումների արտոնագրման եւ այլ իրավական հարցերի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ գիտության ոլորտում գիտական արդյունքների առեւտրայնացմանն ուղղված գործընթացներում առաջացած խնդիրները եւ դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները: